Էկոնոմիկայի փոխնախարարը խոստացել է` անկած խոզերի համար կամարիսցիները փոխհատուցում կստանան

Ֆերմերները ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացրին, որից հետո նրանց ընդունեց փոխնախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Այս տարվա սկզբին անկած խոզերի համար ՀՀ կոտայքի մարզի Կամարիս գյուղի ֆերմերները փոխհատուցում կստանան։ Այսօր Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանն ընդունել է նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացնող կամարիսցիներին։
Ավելի վաղ ֆերմերները մեզ հայտնել էին, որ անկած խոզերի համար 7 ամիս է, ինչ փոխհատուցման են սպասում։ Էկոնոմիկայի նախարարությունից իրենց սկզբում ասել են` կփոխհատուցեն վնասի 75 %-ը, հետո ասել են` կփոխհատուցեն 55 %–ը, բայց մինչ օրս ոչ մի գումար չեն տվել։
«Մեզ ընդունեց Տաթևիկ Սարգսյանը և ասաց, որ մեր աջակցության փաթեթն արդեն կառավարության նիստերի օրակարգում է և եթե ոչ վաղը, եկող շաբաթ խնդիրը կլուծվի և մենք փոխհատուցում կստանանք»,– ասաց ֆերմեր Արարատ Դանիելյանը, որը 137 գլուխ խոզ է կորցրել։
Նրա խոսքով` եթե այս անգամ էլ իրենց օդի մեջ խոստումներ տան, մի քանի ֆերմերներով նստացույց են անելու նախարարության մոտ։
Մյուս ֆերմերը` Վարուժան Ներսիսյանն էլ փոխնախարարին ներկայացրել է, որ իր կորուստները ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունից «կիսատ–պռատ» են արձանագրել և 60 գլխի փոխարեն 30 գլուխ անկած խոզ են գրել։
Կամարիս գյուղի բոլոր խոզերը սատկել են. ֆերմերները վստահ են` աֆրիկյան ժանտախտ է տարածվել
«Տիկին Սարգսյանն ինձ լսեց և խոստացավ դրանով զբաղվել, բայց մի քիչ ուշ, քանի որ հիմա կարող եմ միայն 30 գլխի համար փոխհատուցում ստանալ, իսկ մյուսների համար աջակցություն կտրվի ավելի ուշ»,–ասաց նա։
Նշենք, որ Sputnik Արմենիան խնդրի վերաբերյալ գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ ՍԱՏՄ և Էկոնոմիկայի նախարարություն։ Գերատեսչություններից ստացված պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում։