Շեշտը դնելով կրթության և մշակույթի վրա. ԼԺՀ ղեկավարն ընդունել է Անդրանիկ Թևանյանին

Հայկական պատվիրակությունը Լուգանշչինայի հայրենակիցներին հրավիրել է Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ քննարկել է ԼԺՀ տարածքում գործող երիտասարդական ծրագրերին հայ պատանիների մասնակցության հնարավորությունը: Այս մասին Պասեչնիկը հայտնել է սոցցանցի իր էջում։
Անդրանիկ Թևանյանը ԼԺՀ-ում հանդիպել է հանրապետության ղեկավարի հետ
Արդեն մի քանի օր է՝ Դոնբասում հյուրընկալվում են Երևանի ավագանու ներկայացուցիչները` «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ: Նրանք տարածաշրջանի համար մարդասիրական օգնություն են բերել` արյան փոխներարկման կայանի համար նախատեսված դեղորայք, գրքեր, սննդամթերք։
«Այսօր հանդիպել եմ պատվիրակության անդամների հետ` հետագա համագործակցության հեռանկարները քննարկելու համար։ Նախանշել ենք փոխգործակցության առաջնահերթությունները` հատուկ շեշտադրելով կրթության և մշակույթի ոլորտները։ Խոսել ենք աշխարհում տիրող իրավիճակի, սեփական արժեքներն ու գաղափարախոսությունը պաշտպանելու կարևորության, գործընկերության և փոխըմբռնման մասին: Մեր հայացքները շատ առումներով համընկնում են։ Շատ կարևոր է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, հետևաբար նաև Ռուսաստանը, այսպիսի համախոհներ ունեն Հայաստանում»,-նշել է ԼԺՀ ղեկավարը։
Նրա խոսքով` հայկական պատվիրակությունը Լուգանշչինայի հայրենակիցներին հրավիրել է Հայաստան։ Շուտով նախատեսվում է նաև հեռուստակամուրջ կազմակերպել, որի ընթացքում երկու երկրների երիտասարդները ոչ միայն փորձի փոխանակում կկատարեն, այլև կքննարկեն համատեղ նախագծերը:
«Չեմ կասկածում, որ սա կարևոր քայլ է դեպի մեր ապագա փոխշահավետ համագործակցությունը»,-եզրափակել է Պասեչնիկը:
Ավելի վաղ Անդրանիկ Թևանյանը պարզաբանել էր, թե ինչի հետ է կապված իր այցը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն: