ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի առաջ պահանջ է դրել բարձրացնել հայ-իրանական սահմանից ռուսական զորքերի դուրսբերման հարցը։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Նա շեշտում է՝ ինֆորմացիան ստույգ է և ստացվել է դիվանագիտական խողովակներով։
Ըստ Սուրենյանցի՝ ԱՄՆ-ի պահանջի արդյունքում է, որ Փաշինյանն առաջին անգամ խոսեց պահնորդական կազմակերպությանը ճանապարհի անվտանգության ապահովումը պատվիրակելու մասին։
Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ որպես տարբերակ խոսեց Սյունիքով անցնող ճանապարհի անվտանգության ապահովման հարցը մասնավոր պահնորդական կազմակերպությանն արտապատվիրակելու մասին, երբ Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապ հաստատի Նախիջևանի հետ։
Նա մանրամասներ չհայտնեց՝ միայն նշելով, որ Հայաստանի այս կարծիքը դրական է ընկալվում և՛ Բաքվում, և՛ Մոսկվայում։