ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով Իրանում է։ Տեղեկությունները հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ նա հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։
Բանակցությունների ընթացքում, ինչպես հաղորդում են իրանական մի շարք լրատվամիջոցներ, Շոյգուն հայտարարել է, որ «Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների» հարցում Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը:
Կոմունիկացիաների հարցը քննարկվել է նաև անցյալ շաբաթ Սանկտ Պետերբուրգում Շոյգուի և Ահմադիանի հանդիպման ժամանակ: Այդ ժամանակ ռուսական կողմը, ըստ իրանական ԶԼՄ-ների, հայտարարել էր, որ «հավատարիմ է Զանգեզուրի տարածաշրջանի վերաբերյալ Թեհրանի հետ ձեռք բերված համաձայնություններին»։
Նշենք, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Շոյգուի երկրորդ այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն. վերջին անգամ նա ԻԻՀ է այցելել օգոստոսի սկզբին:
Հիշեցնենք, որ այսպես կոչված «միջանցքի» թեմայի շուրջ բանավեճը սկսվեց այն բանից հետո, երբ որոշ իրանցի քաղաքական գործիչներ և փորձագետներ Մոսկվային մեղադրեցին Հայաստանի հարավային շրջաններով արտատարածքային միջանցքի գաղափարին իբր աջակցելու մեջ: Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ որոշակի շրջանակներ սկսել են հակառուսական տեղեկատվական արշավ՝ օգտագործելով ցանկացած հնարավորություն՝ Մոսկվայի և Թեհրանի հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու համար: Զախարովան նշեց, որ դա արվում է Արևմուտքի շահերից ելնելով։ Մոսկվան ելնում է նրանից, որ հարցի լուծումը հիմնված է փոխընդունելի մոտեցումների վրա՝ ըստ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների՝ 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների։