Իշխանությունը դեռ սպառիչ պատասխան չի տվել` կմասնակցի Մայր տաճարի օծմանը, թե ոչ. Խաչատրյան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Միայն ԱԺ նախագահի կողմից է եղել սպառիչ պատասխան, որ չի մասնակցելու Մայր տաճարի օծմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները դեռևս սպառիչ պատասխան չեն տվել Էջմիածնի Մայր տաճարի օծման արարողությանը մասնակցելու վերաբերյալ: Այդ մասին այսօր Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մայր տաճարի վերաօծման, մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր աթոռի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նա նշեց, որ գրասենյակը հրավերներ է ուղարկել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը:
«Դա ամենակարևոր հարցը չէ, սակայն հրավերներ ուղարկվել են նրանց. նվիրագործման արարողությանը իշխանություններին հրավիրելու հարցը Էջմիածնում քննարկվել է ամենաբարձր մակարդակով։ Միայն ԱԺ նախագահի կողմից է եղել սպառիչ պատասխան, որ չի մասնակցելու»,– ասաց նա:
Արքեպիսկոպոսը չթաքցրեց, որ տարակուսանք եղել է` հրավիրե՞լ, թե՞ ոչ իշխանության ներկայացուցիչներին` եկեղեցու և նրանց հարաբերությունների ներկա վիճակով պայմանավորված։ Մայր տաճարում ամենաբարձր մակարդակով` Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում, այս հարցով տեղի է ունեցել քննարկում, որի արդյունքում որոշվել է հրավիրել ՀՀ իշխանություններին։
Էջմիածնի Մայր տաճարի գմբեթին բրոնզաձույլ նոր խաչ է տեղադրվել. ճարտարապետ
«Ինչպե՞ս համատեղել եկեղեցու դիրքորոշումները` իշխանություններին հրաժարական տալու կոչերը, և միաժամանակ հրավերներ ուղղել նրանց. ես կարծում եմ` այս հարցերը պետք է հստակ տարանջատվեն։ Միջոցառումներին, համազգային արարողություններին իշխանություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այնպես, որ իբր եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից և ամբողջական լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրել են ՀՀ իշխանությունները»,– ընդգծեց Արշակ արքեպիսկոպոսը։
Նա վստահեցրեց, որ եկեղեցին շարունակելու է իր դիրքորոշումներն ու մտահոգություններն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրանց անհրաժեշտությունը կլինի։
Հիշեցնենք` Մայր տաճարը կվերաօծվի սեպտեմբերի 29-ին` ժամը 10։30-ին։
Գարեգին 2-րդը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը