Ի՞նչ են քննարկել Բագրատ սրբազանը և ընդդիմադիր պատգամավորները. «Ժողովուրդ»

Բագրատ սրբազան
Հանդիպումը մոտ երկու ժամ է տևել, ընթացել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների երեկվա հանդիպման օրակարգում հիմնականում սեպտեմբերի 22-ի հավաքն է եղել և Նիկոլ Փաշինյանին հանրային ճնշմամբ իշխանությունից հեռացնելու հարցը: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Բագրատ սրբազանը ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ սպասելիքներ ունի այդ հավաքից, ընդդիմադիրներն էլ վերահաստատել են, որ պատրաստ են աջակցելու շարժմանը թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում: Բագրատ սրբազանը ներկայացրել է նաև այս ընթացքում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները, մինչ այս արված աշխատանքը, քննարկվել են նաև շարժման առաջիկա անելիքները»,– գրում է թերթը:
Բագրատ սրբազանը և ընդդիմադիրները վերահաստատել են, որ շարժման և պայքարի բանալին հանրության շրջանում լայն կոնսոլիդացիա ապահովելն է։
Հանդիպումը մոտ երկու ժամ է տևել, ընթացել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում։
Պարբերականի տվյալներով` հանդիպումը նախաձեռնել էր հենց Բագրատ սրբազանը: Նա ՔՊ-ին էլ էր հանդիպման առաջարկ արել, սակայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատասխանել էր՝ թող զանգեն, գրանցվեն, եթե խոսելու բան ունեն:
Հիշեցնենք` Բագրատ սրբազանն ապրիլից ակտիվ գործունեություն էր իրականացնում Տավուշի մարզում, ապա Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում` բողոքի ակցիաներ, երթեր, համախոհների հետ հանդիպումներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հավաքների ակտիվությունը նվազեց ԱԺ–ի շենքի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումներից հետո։
Նա խոստացել է սեպտեմբերին ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։
Բագրատ սրբազանն առաջիկա հավաքից առաջ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ