ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել և չդառնալ զեղծարարության զոհ։ Նշվում է՝ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:
«Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին»,- նշված է ԿԲ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Ուստի Կենտրոնական բանկը զգուշացնում է՝ այլ անձի մի տրամադրեք անձնական բանկային որևէ տվյալ, մի՛ անցեք անհայտ և կասկածելի հղումներով, մի՛ ակտիվացրեք ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։
Նշենք, որ օգոստոսին ևս Կենտրոնական բանկը նախազգուշացնող հայտարարություն էր տարածել։ Այս դեպքում էլ քաղաքացիներին մոլորեցնելու համար տարբեր պատմություններ էին հորինվում` իբրև թե խոշոր շահում ունեն, աշխատանքի, տարբեր փաթեթների վերաբերյալ առաջարկներ էին ուղարկում և այլն, տարբեր շփոթեցնող հնարքների դիմում։