ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Փիլիսոփայության երկրորդ միջազգային ուսանողական օլիմպիադան տեղի կունենա աշնանը Ռուսաստանում՝ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի (ԲԴՀ) հարթակում։ Այս մասին հայտնում են կազմակերպիչները:
Նրանց խոսքով՝ ներկայում միջոցառմանը մասնակցելու հայտ են ներկայացրել բակալավրիատի և մագիստրատուրայի ավելի քան 650 ուսանողներ աշխարհի 18 երկրից՝ Հայաստանից, Աֆղանստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Վիետնամից, Գերմանիայից, Հնդկաստանից, Իրանից, Իսպանիայից, Ղազախստանից, Կիպրոսից, Չինաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Սուդանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Ֆրանսիայից:
Փիլիսոփայության միջազգային ուսանողական օլիմպիադայի մասնակիցները Ռուսաստանում
© Photo : пресс-служба БФУ им. И.Канта
Փիլիսոփայության միջազգային ուսանողական օլիմպիադայի մասնակիցները Ռուսաստանում
Առաջին (հեռակա) փուլում, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, մասնակիցները Կանտին և նրա ուսմունքներին նվիրված վեց թեմաներից մեկի վերաբերյալ կգրեն էսսե. առաջին փուլի 50 հաղթողներ նոյեմբերին կմասնակցեն եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա անվանի փիլիսոփայի հայրենիքում՝ Կալինինգրադում:
Կազմկոմիտեում նշել են, որ օլիմպիադային մասնակցությունն անվճար է, իսկ առաջին փուլի հաղթողների տեղափոխման ու կեցության ծախսերն ապահովվում են միջոցառման կազմակերպիչների հաշվին: Ամենաբարձր արդյունքներ ցուցաբերած երիտասարդները արտոնություններ կստանան Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի և Մոսկվայի պետհամալսարանի փիլիսոփայական ուղղություններով մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունվելիս։ Բացի այդ, հաղթողներին և մրցանակակիրներին կպարգևատրեն արժեքավոր մրցանակներով:
Փիլիսոփայության միջազգային ուսանողական օլիմպիադայի մասնակիցները Ռուսաստանում
© Photo : пресс-служба БФУ им. И.Канта
Փիլիսոփայության միջազգային ուսանողական օլիմպիադայի մասնակիցները Ռուսաստանում
Միջազգային ուսանողական օլիմպիադան առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին՝ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի նախաձեռնությամբ։
Ի․ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Մաքսիմ Դյոմինը նշել է, որ 2022 թվականին օլիմպիադայի մասնակից են դարձել ամենատարբեր գիտական ոլորտների՝ փիլիսոփայության, իրավագիտության, բանասիրության, տնտեսագիտության, մանկավարժության, բժշկության և այլ բնագավառների ուղանողներ։
«Դա ժխտեց այն թյուր կարծիքը, որ փիլիսոփայությամբ հետաքրքրվում է մարդկանց շատ նեղ շրջանակ։ Փիլիսոփայությունն այսօր ուսումնասիրության առարկա է երիտասարդների համար, որոնք չեն վախենում փնտրել այս աշխարհի գլոբալ խնդիրների պատասխանները», – ասել է նա։
Փիլիսոփայության միջազգային ուսանողական օլիմպիադայի մասնակիցները Ռուսաստանում
© Photo : пресс-служба БФУ им. И.Канта
Դյոմինը նաև կարևորել է այս տարվա օլիմպիադան և ուսանողներին անձամբ հրավիրել մասնակցելու միջոցառմանը:
«Վստահ եմ, որ մեր օլիմպիադայի արդյունքը կլինեն գիտական նոր աշխատանքներ, և մենք կլսենք նոր սերնդի ձայնը, որի ձեռքերում է ապագան։ Հրավիրում եմ բոլոր տաղանդավոր ուսանողներին՝ մասնակցելու մեծագույն մտածող Իմանուիլ Կանտի (որն այս տարի դարձավ երեք հարյուր տարեկան) հայրենիքում անցկացվող Փիլիսոփայության միջազգային օլիմպիադային»,-հայտարարել է համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը։
Գրանցման ընթացակարգ կարելի է անցնել համալսարանի կայքում՝ մինչև սեպտեմբերի 19-ը: Եզրափակիչ փուլի արդյունքները կամփոփվեն և օլիմպիադայիհաղթողների անունները կհայտարարվեն նոյեմբերի 29-ի հանդիսավոր արարողության ժամանակ:
Օլիմպիադայի կազմակերպիչներն են Ի. Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանը և Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը՝ Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության աջակցությամբ: