Իրանի նախագահը հերքել է հութիներին գերձայնային հրթիռներ մատակարարելու մասին լուրերը

Թեհրանն իր զինանոցներում գերձայնային հրթիռներ ունի, սակայն դրանք հութիներին չի փոխանցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Իրանական կողմը գերձայնային զենք չի փոխանցել Եմենի հութիներին: Ինչպես հայտնում է «Entekhab»–ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք գերձայնային հրթիռ ունենք, բայց ոչ այն տեսակը, որ արձակել են եմենցիները։ Նրանք էլ հրթիռային տեխնոլոգիա ունեն և իրենք են արտադրում այն»,- հայտարարել է նախագահը։
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը սեպտեմբերի 15-ին հայտարարել է Յաֆայի շրջանում Իսրայելի ռազմական օբյեկտին հարվածելու մասին՝ նշելով, որ հրթիռը հասել է Իսրայելի տարածք և 20 որսացող հրթիռներից ոչ մեկը չի կարողացել խոցել այն: Շարժման պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սերիայի խոսքով՝ հարվածը հասցվել է գերձայնային բալիստիկ հրթիռով, որին հաջողվել է թռչել ավելի քան 2000 կմ և հաղթահարել իսրայելական ՀՕՊ-ը:
Իսրայելական կողմի տվյալներով՝ հութիների հրթիռի արձակման հետևանքով օդային տագնապ է միացել Թել Ավիվում և Իսրայելի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ «Բեն Գուրիոն» օդանավակայանում: Ընդ որում` հութիների հարվածներից տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, իսկ օդանավակայանը շուտով շարունակել է բնականոն աշխատանքը։
Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակումից, ցանկացած պահի սպասում ենք դրան․ Սպիտակ տուն