Սոթքում 2023 թվականին ադրբեջանական ագրեսիայից հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանը մի քանի օրից Զինվորի տնից տուն կգնա։ Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը նրա մասին տեսանյութ է հրապարակել։
Հայտնել էինք, որ ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանը ադրբեջանական կրակոցից վիրավորում էր ստացել Սոթքում 2023 թ. սեպտեմբերի 1-ին։ Նրա անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում։ Բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել նրան` սրտի զարկերը վերականգնվել էին, բայց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
2023 թ. սեպտեմբերին 9 օրը կոմայի մեջ մնալուց հետո Նարեկը սկզբում ոչ խոսել էր կարողանում, ոչ էլ քայլել։ Այսօր նա արդեն կարողանում է և՛ ազատ շփվել, և՛ քայլել, հրաժարվել է ցավազրկողներից, զբոսանքի է գնում։ Նրա խոսքով` այդ հրաշքը տեղի է ունեցել կենտրոնի մասնագետների շնորհիվ։
«Պինդ մնացեք, տղե՛րք, գալիս եմ»,– Նարեկի հիշողության մեջ դաջված վերջին նախադասությունը սա է եղել, երբ բացականչել էր վիրավոր ընկերների մոտ վազելիս, քանի դեռ ինքը չէր վիրավորվել:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաև ականանետներ և անօդաչու սարքեր: Հայկական կողմից 3 զինծառայող էր զոհվել, 2–ը` վիրավորվել: