ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը Դոնեցկում Երևանի ավագանու պատվիրակության հետ հանդիպումից հետո ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն, և որ հայկական կողմի հետ համագործակցության շատ եզրեր կան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը պատվիրակության հետ առաջին անգամ այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն՝ հանդիպելով տարածաշրջանի խորհրդարանականների հետ։
Հանրապետության ղեկավարը Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել հայկական պատվիրակության հետ հանդիպումից։ Նա նշել է, որ երկու կողմերի տեսակետները համընկնում են բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ համաշխարհային իրավիճակի, ռազմական գործողությունների, ազգային քաղաքականության և համագործակցության կարևորության շուրջ։
«Մեր երկրների (Ռուսաստանի և Հայաստանի) միջև ցանկացած փոխգործակցություն` ՀԱՊԿ-ի, ԲՐԻԿՍ-ի շրջանակներում, լինի դա անվտանգության, թե տնտեսական առումով, օգտակար է», - ասել է Պուշիլինը։
Մարզի ղեկավարի խոսքով` համագործակցության մեջ հատուկ շեշտադրվել է երիտասարդական փոխգործակցության և համատեղ մշակութային, կրթական և մարզական միջոցառումների անցկացումը:
«Ես շնորհակալություն հայտնեցի Երևանի ավագանու պատվիրակությանը մեր մարզ այցելության համար. մենք ամուր ենք բարեկամությամբ և փոխադարձ հարգանքով, մենք կհամագործակցենք», – ամփոփել է Պուշիլինը։
Անդրանիկ Թևանյանն էլ հավելել է, որ իրենց այցը հումանիտար բնույթի է։ Նա նշել է, որ իրենց դաշինքը հանդես է գալիս հայ–ռուսական հարաբերությունների զարգացման օգտին։ «Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի հետ կարող ենք լուծել և՛ անվտանգային, և՛ տնտեսական խնդիրները»,–ասել է նա։
Անդրանիկ Թևանյանի խոսքով` իրենք նաև այնտեղ են իրենց աչքով տեսնելու, թե ինչ է կատարվում այդ տարածաշրջանում։