ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պատվիրակության հետ առաջին անգամ այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն ու հանդիպել տեղի խորհրդարանականների հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Աննախադեպ այց է, որովհետև մինչ այդ Հայաստանից որևէ քաղաքական պատվիրակություն չի այցելել, այս այցով մենք «մեսիջ» ենք տալիս, որ Հայաստանում կան ուժեր, որոնք կողմ են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը», - լրագրողներին ասել է Թևանյանը:
Նա նաև պարզաբանել է, որ Դոնեցկի Հանրապետություն այցը կազմակերպվել է տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ և հրավերով, այն ունի ճանաչողական և հումանիտար բնույթ:
Համատեղ խորհրդակցության ընթացքում հայկական պատվիրակության անդամները և ԴԺՀ-ի խորհրդարանականները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել Հայաստանում այնպիսի բացասական հետևանքների զարգացում թույլ չտալու վերաբերյալ, ինչպիսին Ուկրաինայում է:
«Մեր ընկերները հանդես են գալիս Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղ ապրելու և զարգանալու օգտին։ Վստահ եմ և կկրկնեմ այն, ինչ ասում է մեր նախագահը, որ միայն Ռուսաստանի հետ կլինի կայուն զարգացում և խաղաղություն», - հանդիպումից հետո ընդգծել է ԴԺՀ խորհրդարանի ներկայացուցիչ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վալերի Սկորոխովը:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչները փոխանակվել են նվերներով և պայմանավորվել փոխհարաբերությունների հետագա զարգացման մասին: