ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Երևանում կառուցվող էլիտար շենքի 10-րդ հարկից քաղաքացին ընկել և տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 10:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Միկոյան 9/3 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
«Իրավապահները պարզել են, որ մահացածը Եգիպտոսի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Սաիդ Ա.-ն է, ով նշված շենքի 10-րդ հարկից, շինարարական աշխատանքներ կատարելիս, անզգուշորեն սայթաքել, ընկել է ու տեղում մահացել»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ նշված տարածքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր։Կառուցապատողը «ՎԵԼԼԻ ԲԵՅ» ՍՊԸ-ն է (Վահագն Ֆրանգյան), շինարարությունն իրականացնում է «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն։