ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Պատժամիջոցները ձախողված գործիք են, արևմտյան երկրները չեն կարող դրա միջոցով Իրանին պարտադրել իրենց կամքը։ Թեհրանը բաց է երկխոսության համար, բայց այն պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշումների վրա, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Սեպտեմբերի 10-ին ԳԴՀ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ Իրանին սպառնացել են նոր պատժամիջոցներով՝ ներառյալ օդային հաղորդակցության մասին երկկողմ համաձայնագրերի չեղարկումը՝ Թեհրանի կողմից ՌԴ-ին իբր բալիստիկ հրթիռների մատակարարումների պատճառով: Աբաս Արաղչին հայտարարել է, որ այդ պնդումները կեղծ են։
«Արևմտյան երկրները պետք է գիտակցեն, և զարմանալի է, որ նրանք դեռ չեն հասկանում, որ պատժամիջոցները ձախողված գործիք են, և նրանք չեն կարող պատժամիջոցներով Իրանին պարտադրել իրենց կամքն ինչպես միջուկային ոլորտի, այնպես էլ այլ հարցերում»,- նախարարի խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զարմանք է հայտնել, որ Արևմուտքը մինչև հիմա դիմում է «պատժամիջոցների ձախողված փորձին»: Նա արևմտյան երկրներին խորհուրդ է տվել փոխել իրենց մեթոդները։
«Թեև մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար ու երբեք չենք հրաժարվել կառուցողական քննարկումներից՝ հասնելու վիճահարույց առարկաների ընդհանուր ըմբռնմանը, սակայն երկխոսությունը պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշման վրա», - հայտարարել է Արաղչին:
Ամերիկյան CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, սեպտեմբերի 6-ին պնդել է, թե իբր Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել ՌԴ-ին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հերքել է ամերիկյան լրատվամիջոցների հայտարարությունները Թեհրանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանին ինչ-որ սպառազինությունների մատակարարման մասին դատողությունները որևէ հիմք չունեն:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայի և Թեհրանի երկկողմ համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության հետ կապելու ցանկացած փորձ իրականացվում է՝ Արևմուտքի կողմից Կիևին զենքի մատակարարման շարունակությունն արդարացնելու նպատակով:
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներն ուղղակիորեն ներքաշվում են հակամարտության մեջ, ինչը չափազանց վտանգավոր է: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար սպառազինություն պարունակող յուրաքանչյուր բեռ Ռուսաստանը գնահատում է, որպես օրինական թիրախ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարելով, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրեր պատրաստելով: