ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Մշակույթը բոլոր հարաբերությունների առաջին շարքում է և երկխոսության առաջին քայլն է։ Սանկտ Պետերբուրգում «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
«Երբ մենք խոսում ենք մշակույթի լեզվով, հասկանում ենք, որ այն, ինչ մեզ միավորում է, շատ ավելի վեհ է, քան այն, ինչ մեզ բաժանում է։ Մշակույթը չի կարող ֆիզիկական սահմաններ ունենալ, այն պետք է ազատորեն տարածվի՝ անցնելով սահմաններն ու արգելքները, ստեղծելով իր հիասքանչ ու մեծ աշխարհը»,- ասել է նախարարի տեղակալը։
Նա խոսել է կինոյի, օպերայի, բալետի, երաժշտության, մշակութային կրթության բնագավառներում համատեղ նախագծեր իրականացնելու կարևորության մասին՝ շեշտելով, որ ներկայում ՀՀ տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է, որը նաև կարևոր հիմքերից է՝ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման առումով։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարմարե պալատում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրները։
«Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովը Սանկտ Պետերբուրգում
© Photo : press office of MESCS of RA
Համաժողովի ընթացքում Դանիել Դանիելյանն առանձին քննարկումներ է ունեցել տարբեր երկրների մշակույթի պատասխանուտների, նաև ԲՐԻԿՍ կազմակերպության ղեկավարի հետ։
Նշենք, որ համաժողովն անցկացվել է սեպտեմբերի 12-14-ը Սանկտ Պետերբուրգում։ Դրան մասնակցել են 43 երկրի մշակույթի նախարարներ ու փոխնախարարներ և 5 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։