Մենք աշխատանքային սխրանքի ականատես ենք․ Օվերչուկը՝ ՀԿԵ–ի վերականգնված հատվածների մասին

ՌԴ փոխվարչապետը շեշտել է, որ չափազանց կարևոր էր ռեկորդային կարճ ժամանակում Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթուղային ճանապարհը վերականգնելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Արդյունավետ փոխգործակցության, նվիրումի շնորհիվ հնարավոր է եղել ռեկորդային կարճ ժամանակում վերականգնել երկաթուղու այն ճանապարհահատվածները, որոնք վնասվել էին մայիսին Լոռիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով։ Այսօր Ախթալայում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը տեղում ծանոթանում էր իրականացված աշխատանքների արդյունքներին։
ՀԿԵ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մայիսի 26–ին գետերի վարարման հետևանքով Լոռու մարզում երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։
Օվերչուկը շեշտեց՝ «Հարավկովկասյան երթակուղու» և «Ռուսական երկաթուղիների» ջանքերով, ՀՀ պետական և տեղական իշխանությունների լիարժեք աջակցությամբ, փոխօգնության շնորհիվ, մեծ ու լավ աշխատանք է արվել։
«Մայիսի 25-ից հունիսի 14-ն արվել է անհնարինը։ Հաջողվեց վերականգնել այն ճանապարհը, որը Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթուղային ճանապարհն է։ Սա այն ճանապարհն է, որով տեղափոխվում են պարենային ապրանքներ, վառելիք, դրա համար շատ կարևոր էր սա անել»,- ասաց Օվերչուկը։
Նա հավելեց՝ այստեղ բոլորն աշխատել են շուրջօրյա ռեժիմով ու մեծ նվիրումով։
«Մենք ականատեսն են այն մարդկանց աշխատանքային սխրանքին, որոնք թողեցին ամեն ինչ, եկան այստեղ, արեցին այս աշխատանքը՝ հասկանալով, որ առանց դրա անհնար է»,- ընդգծեց ՌԴ փոխվարչապետը։
Կա իրականություն և կա մեդիա-ֆոն․ Օվերչուկը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Հիշեցնենք` ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունն այսօր Լոռու մարզ է մեկնել։ Նրանց ուղեկցում են նաև ՀԿԵ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և «Ռուսական երկաթուղիների» փոխտնօրեն Վյաչեսլավ Պավլովսկին: