Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը

Նա 33 գրքի հեղինակ է, ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շուրջ 1 տասնյակ լեզուներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. 74 տարեկանում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը։ Տեղեկությունը հայտնում են Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից։
Խալաթյանը ծնվել է 1950թ. հունվարի 9-ին Վանաձորում։ Եղել է Վանաձորի քաղաքային և Լոռու մարզային պաշտոնաթերթերի գլխավոր խմբագիրը: Հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսները, «Արփի» հասարակական-քաղաքական թերթը:
33 գրքի հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, բելառուսերեն, բուլղարերեն, ղազախերեն, ռումիներեն, պարսկերեն և այլ լեզուներով:
67 տարեկանում մահացել է ԽՍՀՄ չեմպիոն Խորեն Ինջյանը
Նրա պիեսները բեմադրվել են հանրապետության տարբեր թատրոններում, ինչպես նաև Հալեպի, Կիպրոսի, Լոս Անջելեսի հայկական թատերախմբերում։
Հայաստանի թատերական գործիչների, ժուռնալիստների, նկարիչների միությունների և Ժուռնալիստների միջազգային Ֆեդերացիայի (IFJ) անդամ է:
Խալաթյանը 1988 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, տեղի «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծմանն ու դրա գործունեությանը։