ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ռուսերենը ստիպված է մրցել անգլերենի հետ, սակայն ռուսագետները պայքարում են յուրաքանչյուր աշակերտի համար։ Այս մասին հայտարարել է թիվ 95 դպրոցի ուսուցիչ Վիկտորյա Հարությունովան Երևանում Ռուսական տանը հայ ռուսագետների հանդիպման ժամանակ, հաղորդում է Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Նոր ուսումնական տարվա առաջին հանդիպմանը հավաքվել էին ռուսաց լեզվի խորացված ուսումնասիրությամբ դպրոցների ուսուցիչները։ Քննարկվել են նորամուծությունները և ուսուցման նոր չափորոշիչները:
Ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շնորհավորել է ուսուցիչներին ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
«Ռուսաց լեզուն ստիպված է մրցակցել անգլերենի հետ։ Բայց մենք պայքարում ենք յուրաքանչյուր աշակերտի համար։ Ռուսական տան ձեր «Մեթոդական դպրոցը», օգնում է թևաթափ չլինել: Գործընկերների հետ շփումը էներգիա է հաղորդում և աշխատանքը շարունակելու ուժ է տալիս»,-նշել է թիվ 95 դպրոցի ուսուցչուհի Վիկտորիա Հարությունովան։
Քննարկման մասնակիցները խոսել են մասնավորապես այն մասին, թե նոր մոտեցումներն ինչպես են օգնում կամ խանգարում դպրոցականներին զարգացնել ինքնուրույն ուսուցման հմտությունները:
«Կարևոր է ոչ միայն երեխաներին պատրաստի գիտելիքներ տալ, այլև սովորեցնել նրանց ինքնուրույն տեղեկատվություն գտնել և եզրակացություններ անել: Մեր խնդիրն է սովորեցնել նրանց ինքնուրույն սովորել: Այս հմտությունները պետք կգան ամենուր՝ և՛ աշխատավայրում, և՛ կյանքում»,-իր կարծիքն է հայտնել թիվ 164 դպրոցի ուսուցիչ, մեթոդիստ Անաիդա Վարդանյանը:
Վադիմ Ֆեֆիլովը հանդիպման ժամանակ
© Русский дом в Армении
Նրա ելույթից հետո քննարկվել է այն հարցը, թե արդյոք նորամուծությունները կարող են լրացուցիչ արդյունավետություն ապահվել։
Ռուսաց լեզվի և գրականության հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանն ընդգծել է, որ ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցները լիովին պատրաստ են նոր ուսումնական տարվան։
«Մենք դպրոցներին ապահովել ենք անհրաժեշտ ամեն ինչով՝ ծրագրերով, պլաններով և նյութերով, որպեսզի նրանք կարողանան վստահորեն սկսել ուսումնական տարին»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամռանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր դպրոցներին շրջաբերական է ուղարկել օտար լեզուների դասավանդման վերաբերյալ: Պետական ստանդարտում ռուսերենը շարունակում է առաջին և պարտադիր օտար լեզու մնալ: Շրջաբերականում ամեն ինչ այլ է. ուսումնական հաստատությունների մի շարք դասերի համար ռուսերենը հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ընտրովի):