ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի խումբ պաշտոնատար անձինք 8 մլն դրամ կաշառք են պահանջել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն 2024 թվականի մարտի 20-ին Արմավիրի մարզում գտնվող մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների իրականացման վայրում հարկային ստուգումների ժամանակ հայտնաբերել են հարկային ընթացակարգով չհաշվառված 9 աշխատակիցի, ինչպես նաև նշված շինարարական ընկերության և դրա հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության կողմից իրականացված տարբեր գործարքների ընթացքում դեռևս չպարզված հարկային տարբեր իրավախախտումներ:
Տեսուչներն իրենց ընդհանուր ծանոթ Ս. Ա.-ի միջոցով հանդիպել են հիշյալ շինարարական երկու ընկերությունների տնօրենի ու փոխտնօրենի հետ և հարկային ստուգումների ընթացքում հայտնաբերված չհաշվառված աշխատակիցների փաստը, ինչպես նաև տարբեր գործարքների ընթացքում չպարզված հարկային իրավախախտումները չարձանագրելու համար պահանջել են 8.000.000 դրամ կաշառք: Շինարարական ընկերությունների տնօրենն ու փոխտնօրենը տվել են իրենց համաձայնությունը:
Վերը նշված հանցավոր արարքների համար Վ. Ա.-ին և Հ. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափով կաշառք ստաալը), Ս. Ա.-ին՝ 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալուն միջնորդելը), իսկ Կ. Հ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափով կաշառք տալը):
Մեղադրյալներից երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: