ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշվում է, որ Արևմտյան Նեղոս տենդի լաբորատոր հաստատված դեպքերի քանակը հասել է 128–ի։ Սեպտեմբերի 7–13–ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 20 դեպք։
Հիշեցնենք` Արևմտյան Նեղոսի տենդը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։ 85% դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխացավի, ցանավորման տեսքով։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միաժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։