Հայաստանի խաղաղության օրակարգի համար քաղաքական նոր միտք և ձևաչափեր են պետք. Հովհաննիսյան

Քաղաքագետի համոզմամբ` հակառակորդ, իսկ երբեմն էլ բարեկամ պետությունները մեզ նայում են որպես փայլուն պոտենցիալ զոհի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի խաղաղության օրակարգը ձևավորելու համար անհրաժեշտ է նոր քաղաքական միտք, նոր ձևաչափեր։ Այս համոզմանն է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը, որը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին։
Ըստ նրա` նոր ձևաչափերը և հասարակությունն ի վերջո կդառնան գործընկերներ` ձևավորելով լավ ուժ՝ դիմակայելու թե´ արտաքին հստակ սպառնալիքներին, թե´ ներքին կառավարման տապալումներին։
«Ադրբեջանի «խաղաղության օրակարգը» պատեհ պահին նոր ռազմական հարձակումն է։ ՀՀ իշխանությունների «խաղաղության օրակարգը» թղթի կտոր ստանալով՝ վերարտադրման հնարավորությունն է։ Բա ո՞րն է Հայաստանի իրական խաղաղության օրակարգը։ Որպես առաջին քայլ՝ այս երկու սցենարները խափանելը»,– գրել է նա։
Ըստ նրա` Հայաստանի պետական քաղաքական միտքը պետք է լինի երկրի հետպատերազմական վերականգնումը՝ իր բոլոր ասպեկտներով։
Քաղաքագետի համոզմամբ` հակառակորդ, իսկ երբեմն էլ բարեկամ պետությունները մեզ նայում են որպես փայլուն պոտենցիալ զոհի, որի գլխին հնարավոր է հարմար պահի «նորից տալ»։
«Մենք չպետք է դիտվենք–ընկալվենք–ինքնաընկալվենք որպես զոհ։ Հայաստանում խորքային փոփոխություններ են պետք, իսկ դա հնարավոր է միայն նոր բովանդակության և նոր ձևաչափերի դեպքում։ Վերջապես պետք է գտնել ձևը՝ տասնյակ հազարավոր ազնիվ, պայքարող անհատների պայքարը ռացիոնալ հուն դնելու և կոնկրետ արդյունքների հասնելու համար»,– ընդգծել է Հովհաննիսյանը։
Նա նաև արձանագրել է, որ պարտված երկիրն ունի պարտված իշխանություն, բայց նաև պարտված հանրային-քաղաքական վերնախավ ու պարտված հասարակություն։ Ըստ քաղաքագետի` վերափոխման ճանապարհը հենց այդտեղից է պետք սկսել։
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը և պատրաստել առաջարկների պատասխան փաթեթը։ Միաժամանակ Երևանը հաստատեց նաև ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրի նախագծից փոխադարձ համաձայնությամբ հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել համաձայնեցված հոդածները
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 9-ին հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի 16 հոդվածներից 13-ը։
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու դրույթ է նախատեսվում. Փաշինյան
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է` մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։