Այս տարվա 8 ամսում ՀՀ–ում պայթյուններից ավելի շատ մարդ է մահացել, քան ամբողջ 2023 թ–ին

Հանրապետության տարածքում պայթյունները հիմնականում լինում են տանը՝ կենցաղում անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում 2024 թվականի 8 ամսում գրանցվել է 34 պայթյուն, ինչի հետևանքով 9 մարդ մահացել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը՝ անդրադառնալով կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերին և դրանց դեմ իրականացվող կանխարգելիչ քայլերին։
«2023 թվականի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում պայթյունների մասով ունեցել ենք 42 դեպք, ինչի պատճառով 6 զոհ և 53 տուժած ենք ունեցել։ 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ արդեն իսկ գրանցվել է 34 պայթյուն, ինչի հետևանքով 9 անձ մահացել է, 39-ը՝ տուժել։ 2023 թվականի պայթյուններից 30-ն են գազի հետևանքով եղել, իսկ ընթացիկ տարում՝ 29-ը։ Կարող ենք ասել, որ գրեթե բոլոր դեպքերում անվտանգության կանոնները չեն պահպանվում»,- նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ մեծ մասամբ տներում են պայթյուններ արձանագրվում, որովհետև կենցաղային որոշ կանոնների չեն հետևում բնակիչները, ու գազի արտահոսք է լինում։
Ի՞նչ վիճակում են «Հրազդան» ՋԷԿ–ի ձուլարանի պայթյունից տուժածները. մանրամասներ
Փրկարար ծառայության մայորը կոչ արեց քաղաքացիներին տանը գազի արտահոսքն արձանագրող անվտանգության հատուկ սարքը չանջատել, դրա խափանման կամ գազի հոտ զգալու դեպքում անպայման դիմել համապատասխան մասնագետներին։
Նա նշեց՝ տանը հրդեհի դեպքում տվյալ սենյակի կամ հատվածի դուռը պետք է փակել (եթե այն առկա է), կրակի վրա սավան կամ շոր գցել այն հանգցնելու համար ու անմիջապես զանգել փրկարար ծառայություն։
Նոր Արեշում պայթյունից տուժածները դժգոհ են. ի՞նչ է արվել 7 ամսում