ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Երևանի սուպերմարկետներում ժամկետանց և առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգումներ է իրականացրել ցանցային խանութներում։
Ծառայության աշխատակիցները խանութներում նույնիսկ այնպիսի ապրանքներ են հայտնաբերել, որոնց վրա երկու պիտակ է փակցված եղել, ինչն իրավախախտում է համարվում։ Ստուգվել են կաթնամթերքի, հրուշակեղենի, առհասարակ պարենային և ոչ պարենային ապրանքների պիտանելության ժամկետները։
Խախտում է համարվում նաև այն, երբ, օրինակ, մսամթերքի կտրման ժամկետը ֆիքսված չէ փաթեթավորման վրա։ Ապրանքը ժամկետանց է համարվում նաև այն դեպքում, երբ դրա վրա չի երևում, ջնջված է լինում արտադրման ամսաթիվը։ Ժամկետանց սննդամթերքը ենթակա է հետկանչման և ոչնչացման։
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ Վախթանգ Բարսեղյանն ընդգծում է` սուպերմարկետներում ապրանքների ծավալը մեծ է, բայց պետք է ամբողջական ուսումնասիրություն իրականացվի ու արձանագրություններ կազմվեն։
Տնտեսվարողները խախտումների համար տուգանվում են 100 000 – 200 000 դրամի չափով, դրանից բացի, ստուգայցերի արդյունքները քաղաքապետարանը փոխանցում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։