Ինչպես հաղթել հեռուստաբանավեճում. ամերիկյան դասեր

Դոնալդ Թրամփ
Sputnik
1980 թվական։ Արդեն չորս տարի նախագահած Ջիմի Քարթերը ուղիղ եթերում բանավիճում էր նախագահի պաշտոնին առաջին անգամ հավակնող Ռոնալդ Ռեյգանի հետ։ Բանավեճի ավարտին Ռեյգանը պարզապես դիմեց հեռուստադիտողներին. «Դուք հիմա ավելի լա՞վ եք ապրում, քան 4 տարի առաջ»։ Մեկնաբաններից մեկը փաստում է. «Այս կարճ հարցը որոշեց ամեն ինչ. եթե մինչ այդ Քարթերը բոլոր հարցումներում առաջատարն էր, ապա այս բանավեճից հետո Ռեյգանի վարկանիշը թռավ մինչև առաստաղ, ու նա նախագահ ընտրվեց»։
Այս նույն հարցով, որով այն ժամանակ՝ 44 տարի առաջ, ավարտվեց թեկնածուների բանավեճը, «ABC News»–ի հաղորդավարը սկսեց Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի առաջին նախընտրական դեբատները։ Սակայն փոխնախագահ Հարիսի համար, որը դեմոկրատների ընտրարշավում փոխարինել է Ջո Բայդենին, այդ հարցն իհարկե ամենևին անակնկալ չէր։ Մեր անմիջական պարտականությունն է հնարավորինս լայն հնարավորություններ ստեղծել մարդկանց համար, որպեսզի նրանք կարողանան բարելավել իրենց կյանքը, մենք դա արել ենք և շարունակելու ենք անել. մոտավորապես այսպիսին էր թեկնածուի պատասխանը։
Կալիֆոռնիա. անկախ հանրապետությունից մինչև հզոր նահանգ, որից սարսափում են հանրապետականները
Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ նույն նախընտրական ռազմավարությունն են ընտրելու երկու տարուց կայանալիք ընտրություններում Հայաստանի իշխանությունները։ Այսինքն` ինչո՞ւ եք բողոքում, որ քիչ եք ստանում և հազիվ եք պահպանում ձեր ընտանիքի գոյությունը, մենք օրուգիշեր մտածում ենք, թե էլ ինչ կարելի է անել ձեր հնարավորություններն ավելի ու ավելի ընդլայնելու համար, եթե չեք օգտվում այդ անսահման հնարավորություններից, կներե՛ք, դա մեր մեղքը չէ։
Ընդհանրապես ամեն ինչից երևում էր, որ Քամալա Հարիսը, որին շատերը մեղադրում են անտեղյակության մեջ, պարզապես գերազանց էր պատրաստվել, նրան պատրաստել էին, աշխատել էին հետը, և դա, անշուշտ, թեկնածուի օգտին է խոսում։ Որովհետև սեփական փորձով գիտենք` կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք բացարձակ ոչինչ չեն հասկանում իրենց ղեկավարած ոլորտից, բայց սվիններով են ընդունում արհեստավարժ մասնագետների ցանկացած խորհուրդ։ Այս կինը, ինչպես պարզվում է, գոնե պատրաստ է սովորել, այնինչ չափազանց դժվար է պատկերացնել այնպիսի Թրամփ, որը բանի տեղ է դնում լավատեղյակ մարդկանց դիտարկումները, առավել ևս՝ նկատողությունները։
«Ստերը հեռուստաբանավեճերի ընթացքում»։ Սա մի առանձին, երևի նույնիսկ անսպառ թեմա է։ Միշտ հիշում եմ Մարկ Տվենի ասածը. «Ես շատ նման եմ Ջորջ Վաշինգտոնին, բայց գերազանցում եմ նրան։ Վաշինգտոնը պարզապես չէր կարողանում սուտ խոսել, ես կարողանում եմ, բայց զսպում եմ ինձ»։
Ի տարբերություն Մարկ Տվենի՝ պետության ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուները բոլոր երկրներում, այդ թվում` իհարկե Հայաստանում, պարզապես հմտացել են սուտ ասելու արվեստում՝ քաջ գիտակցելով, որ երբեմն մի կեղծ հայտարարություն 1000 անգամ ավելի շատ է ազդում լսարանի վրա, քան 10 էջանոց մանրակրկիտ մշակված ու փաստարկված ծրագիրը։ Ուղղակի պիտի կա՛մ ընդհանրապես չբռնվող սուտ ասես, կա՛մ այնպիսի սուտ, որը շատ դժվար է տեղնուտեղը բռնացնել։ Քամալա Հարիսը խոհեմաբար ընտրեց առաջին ճանապարհը և հաջողեց, Դոնալդ Թրամփը գնաց երկրորդ ճանապարհով և ձախողվեց։
Մի երկու օրինակ բերեմ։ Քամալա Հարիսն իր գայթակղիչ ժպիտով, ուղիղ նայելով Թրամփի աչքերի մեջ, հայտարարեց. «Ախր, համաշխարհային լիդերները ծիծաղում են ձեզ վրա։ Ձեզ հետ աշխատած բարձրաստիճան զինվորականներն էլ ինձ ասել են՝ Թրամփը խայտառակություն է»,- պնդեց կին թեկնածուն։ Դե արի ու հերքիր նրա ասածը։ Ինչպե՞ս պիտի հակադարձեր Թրամփը՝ ո՛չ, համաշխարհային լիդերները ինձ վրա չե՞ն ծիծաղում։ Համաձայնե՛ք, այ դա իսկապես ծիծաղելի կլիներ։
Այնինչ Թրամփը, ի տարբերություն լավ պատրաստված Հարիսի, այնպիսի բաներ էր ասում, որոնք թեև գրեթե սենսացիոն են, բայց հեշտ ստուգվող։ Ուղղակի միշտ ինքնավստահ նախկին նախագահը չէր սպասում, որ հենց տեղում հերքում կստանա։ Ու սխալվեց։ Հենց որ Թրամփը, փորձելով վատ լույսի տակ ներկայացնել ներգաղթյալներին, պնդեց, թե Օհայո նահանգում ահավոր բաներ են կատարվում. Հաիթիից եկած ներգաղթյալները բռնում են Սփրինգֆիլդ քաղաքի բնակիչներին պատկանող շներին ու կատուներին և ուտում, բանավեճը վարող երկու լրագրողներից մեկը՝ Դեյվիդ Մյուիրն անմիջապես արձագանքեց. «Ես հեռախոսով խոսել եմ Սփրինգֆիլդի քաղաքապետի հետ, և ինքն ինձ հայտնել է, որ ոչ մի նման դեպք չի արձանագրվել»։
Ի դեպ, այս բանավեճից հետո Թրամփը գանգատվել է՝ ես ստիպված եղա միայնակ դիմակայել երեք ընդդիմախոսի, քանի որ երկու հաղորդավարներն էլ ակնհայտորեն աջակցում էին Քամալա Հարիսին։ Այս կարծիքը շատերն են կիսում, խոստովանեմ՝ նաև ես։ Որոշ մեկնաբաններ էլ պատահական չեն համարում այն հանգամանքը, որ բանավեճից անմիջապես հետո լրատվամիջոցները տարածեցին ամերիկացիների շրջանում երևի թե ամենամեծ ժողովրդականությունը վայելով երգչուհու՝ Թեյլոր Սվիֆթի գրառումը սոցցանցերից մեկում. «Ես քվեարկելու եմ Քամալա Հարիսի օգտին»։
Դե ինչ արած՝ սկսեցի Ռոնալդ Ռեյգանին մեջբերելով, ավարտեմ Ռոնալդ Ռեյգանին մեջբերելով. «Ասում են, թե քաղաքականությունը երկրորդ հնագույն մասնագիտությունն է։ Բայց ես եկել եմ այն եզրակացության, որ քաղաքականությունն ավելի շատ նմանություններ ունի առաջին հնագույն մասնագիտության հետ»։