ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն իր գինիների բազմազանության շնորհիվ վստահ քայլերով հաստատվում է միջազգային շուկայում։ Այս մասին Երևանում Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի բացման ժամանակ ասել է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության արտաքին կապերի գծով տնօրեն Սոֆի Պալասը։
Պալասը հիշեցրել է, որ Հայաստանն ունի գինեգործության հազարամյա պատմություն և առաջին երկրներից է, որը սկսել է գինի արտադրել։
«Հայաստանն իրավամբ կարող է հպարտանալ համաշխարհային շուկայում իր գինիների լայն տեսականիով»,- ասել է նա։
Պալասը նաև նշել է, որ այստեղ աճեցվում է խաղողի 500 եզակի տեսակ, ինչը մեծ առավելությունն է։
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, իր ելույթում խոստովանել է, որ ծանոթ չի եղել հայկական գինիներին, սակայն այժմ համոզված է դրանց բարձր որակի և մրցունակության մեջ։ Նա նաև ընդգծել է, որ գինին կարող է գրավել ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև ներդրողներին։
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին Երևանում
© Sputnik / Aram Nersesyan
«Հայաստանն ու Վրաստանը կարող են համատեղ զարգացնել գինու ուղղությամբ համագործակցությունը և գրավել օտարերկրյա զբոսաշրջիկների, այլ ոչ թե մրցակցել, թե ում ապրանքն է ավելի լավը», - ասել է նա։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին ընդգծել է, որ գինու զբոսաշրջությունը երկրում ակտիվորեն զարգանում է, և այդ գործընթացը համընկնում է գինու համաշխարհային սպառման աճի հետ։
Պապոյանը նշել է, որ հայկական գինիները համապատասխանում են միջազգային չափանիշներին, սակայն երկրից դուրս դեռ հայտնի չեն։ Նա կարծում է, որ կարևոր է ոչ միայն մասնակցել միջազգային ցուցահանդեսներին, այլ նաև նման միջոցառումներ կազմակերպել հենց Հայաստանում։
«Չնայած բարձր մրցակցությանը, մեզ հաջողվեց այս համաժողովն անցկացնել Երևանում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ միջոցառումը համախմբել է գինու զբոսաշրջության ոլորտի ավելի քան 20 երկրի 120 ներկայացուցչի, մասնավոր և այլ շահագրգիռ կողմերի:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
© Sputnik / Aram Nersesyan
Նախարարի խոսքով՝ համաժողովը կնպաստի միջազգային ասպարեզում հայկական գինիների հետագա մասսայականացմանը։
Նշենք, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին հանրապետությունում արտադրվել է ավելի քան 14 մլն լիտր գինի, ինչը 11,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Գինու արտահանումը 2023 թվականի առաջին կիսամյակում աճել է 17,6%-ով՝ կազմելով 1,9 մլն լիտր, ընդ որում արտահանման 85,5%-ը ուղղվել է ռուսական շուկա։