Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում

Հայաստան-Մալթա հանդիպում
Շախմատի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի մինչև սեպտեմբերի 23-ը. կանցկացվի 11 խաղափուլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում`համաշխարհային 45-րդ օլիմպիադայի մեկնարկային տուրում վստահ հաղթանակներ են տարել:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Տղամարդկանց հավաքականն առաջին տուրում մրցել է Մալթայի թիմի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել (Հայկ Մ․ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Կարեն Հ․ Գրիգորյան)։
Կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նկատմամբ (Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան):
Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված է նաև Գաբրիել Սարգսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
Կանանց հավաքականի կազմում ընդգրկված է նաև Էլինա Դանիելյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
Այսօր երկրորդ տուրում տղամարդկանց հավաքականը կմրցի Անդորրայի, իսկ կանանց հավաքականը՝ Մեքսիկայի հետ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 197 երկրների մեջ վարկանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը՝ 184 երկրների մեջ 11-րդ հորիզոնականը:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի մինչև սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։