Երևանում շենքի քանդման հետքերով. ՄԻՊ–ը մտահոգված է, դատախազությունը դիմել է ոստիկանություն

ՄԻՊ–ը վստահեցրել է` շենքի քանդման մասին հարակից բնակիչներին չտեղեկացնելը հանգեցրել է և շարունակում է հանգեցնել մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի փողոցում շենքի քանդման դեպքով ՀՀ դատախազությունը նյութեր է ուղարկել ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ դատախազի մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
Նշենք, որ Պարույր Սևակի փողոցում շենքը քանդվել է սեպտեմբերի 11-ին։ Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ իրենք թույլատրել են դա անել ճոպանների միջոցով և ոչ պայթեցման։
«Դատախազությունը մամուլի հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն` ստուգողական գործողություններ իրականացնելու համար»,– նշեց Խաչատրյանը։
Նշենք, որ դեպքի առչնությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր մտահոգությունն էր հայտնել։ Նա ընդգծել էր, որ անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող, շրջակա միջավայրին վնաս հասցնող եղանակով, ինչպես նաև աշխատանքի անվտանգության կանոնների պահանջների առերևույթ չպահպանմամբ բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժումը:
Պաշտպանը նշել էր, որ իրավասու պետական և ՏԻՄ գործողությունների (անգործության), ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու գործընթացում ներգրավված անձանց և կազմակերպությունների կողմից հնարավոր խախտման հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով պաշտպանը նախատեսում է համապատասխան գրություններ հասցեագրել ՀՀ դատախազություն ու տեսչական մարմիններին` իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու պահանջով:
Հավելենք` ՀՀ դատախազությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ ՄԻՊ–ից դեռ գրություն չեն ստացել։