ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն առաջիկա մեծ հավաքից առաջ հանդիպել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հրապարակվել է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքում։
«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով հանդիպում դեռևս չի եղել»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է նաև հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների հետ։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախատեսում է մեծ հավաք անցկացնել սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահամերգային համալիրում։
Հիշեցնենք` Բագրատ սրբազանն ապրիլից ակտիվ գործունեություն էր իրականացնում Տավուշի մարզում, ապա Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում` բողոքի ակցիաներ, երթեր, համախոհների հետ հանդիպումներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հավաքների ակտիվությունը նվազեց ԱԺ–ի շենքի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումներից հետո։
Նա խոստացել է սեպտեմբերին ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։