Թրամփի և Հարիսի բանավեճը. 12 անգամ հիշատակեցին Պուտինին և 11 անգամ` Ռուսաստանը

Հարիսի և Թրամփի նախընտրական հեռուստաբանավեճը կազմակերպել էր ABC News ալիքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը հեռուստաբանավեճի ընթացքում առնվազն 12 անգամ հիշատակեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և 11 անգամ` Ուկրաինան և Ռուսաստանը, հաշվել է ՌԻԱ Նովոստին։
Թրամփը բանավեճի ժամանակ 9 անգամ հիշատակեց Ռուսաստանը, 8 անգամ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և 6 անգամ`Ուկրաինան։
Հարիսն ավելի համեստ էր` Ռուսաստանն իր ելույթում նա հիշատակեց երկու անգամ, Պուտինին` չորս, Ուկրաինան` հինգ։
Նախորդ նախընտրական բանավեճի ժամանակ Թրամփը մրցապայքարից այս անգամ դուրս մնացած Ջո Բայդենի հետ 7 անգամ էին տվել Վլադիմիր Պուտինի անունը։ Բացի այդ, Թրամփը 16 անգամ հիշատակել էր Ռուսաստանը։
Հարիսի հետ բանավեճի ժամանակ Թրամփը կրկին հայտարարեց Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու անհրաժեշտության մասին։ Նա խոստացավ կազմակերպել Պուտինի և Զելենսկու բանակցությունները, հայտարարելով, որ եթե ինքն իշխանության ղեկին լիներ՝ պատերազմ ընդհանրապես չէր լինի։ Նրա խոսքով` ԱՄՆ–ի շահերից է բխում «կանգնեցնել մարդկային կյանքերի կործանումը»։
«Ես դա կկարգավորեմ նախքան նախագահ դառնալը (մինչ պաշտոնը ստանձնելը – խմբ.)։ Կխոսեմ մեկի հետ, կխոսեմ մյուսի հետ, կկազմակերպեմ նրանց հանդիպումը»,– ասաց նա։
Ի պատասխան Հարիսն ասաց, որ 24 ժամում պատերազմին վերջ դնելու Թրամփի ծրագիրը նախատեսում է Կիևին օգնությունից զրկելը, քանի որ առանց դրա Ուկրաինան չի կարողանա կռվել։
Հարիսը նաև կրկին խոստովանեց, որ առնվազն 5 անգամ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և պատմեց, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի օր առաջ նրան է փոխանցել ԱՄՆ հետախուզական տվյալները։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությամբ` Մոսկվան անհապաղ կդադարեցնի կրակն ու կհայտարարի բանակցությունների գնալու պատրաստակամության մասին, երբ ուկրաինական զորքը դուրս գա ՌԴ նոր շրջանների տարածքներից։ Բացի այդ, նա հավելել է, որ Կիևը պետք է հայտարարի, որ հրաժարվում է ՆԱՏՕ–ին անդամակցելու մտադրությունից և իրականացնի ապառազմականացում և ապազգայնացում, ինչպես նաև ընդունի չեզոք, արտադաշինքային և անմիջուկազեն կարգավիճակ։ ՌԴ նախագահը հիշատակել է նաև ՌԴ–ի նկատմամաբ պատժամիջոցների չեղարկումը։
Կհետևենք Բայդենի խորհրդին և կաջակցենք Հարիսին. Պուտինը` ԱՄՆ ընտրությունների մասին
Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինուժի ահաբեկչական հարձակումից հետո Պուտինը հայտարարեց նաև, որ անհնար է բանակցել նրանց հետ, ովքեր «անխտիր հարվածներ են հասցնում խաղաղ մարդկանց, քաղաքացիական ենթակառուցվածքներին կամ փորձում սպառնալիք ստեղծել միջուկային էներգետիկայի օբյեկտների համար»։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի ուշ հայտարարեց, որ Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ Մոսկվայի խաղաղ առաջարկները, որոնք ավելի վաղ հնչեցրել էր ՌԴ առաջնորդը, չեղյալ չեն հայտարարվել, սակայն այս փուլում «հաշվի առնելով այս արկածախնդրությունը», Ուկրաինայի հետ Ռուսաստանը չի խոսի։