ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Թշնամական անօդաչուները գրոհում են Մուրմանսկի մարզը, ՀՕՊ–ն աշխատում է դրանք ոչնչացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Չիբիսը Telegram–ի իր ալիքում։
«Մեր մարզի վրա թշնամական անօդաչուներ են հարձակվում, այդ պատճառով խնդրում եմ ըմբռնումով մոտենալ մի շարք ժամանակավոր սահմանափակումներին, որոնք ստիպված ենք կիրառել։ Անվտանգությունը բարձրացնելուն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են։ ՀՕՊ–ն էլ աշխատում է թշնամական անօդաչուները ոչնչացնելու ուղղությամբ», – ասել է Չիբիսը` հորդորելով բնակիչներին վստահել պաշտոնական տեղեկությանն ու զգոն լինել։
Այսօր առավոտյան Ռոսավիացիան հայտնել է Մուրմանսկի և Ապատիտների օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու մասին։ Առցանց չվացուցակի համաձայն` մի քանի թռիչք է հետաձգվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։