Մեղրիում դիահերձարան կկառուցվի

Առաջիկա երկու տարիների ընթացքում տեղի բժշկական կազմակերպությունը պետպատվերի շրջանակում կկազմակերպի տեղափոխումն ու դիահերձումը համայնքից դուրս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Շուտով կհայտարարվի Մեղրիում դիահերձարանի կառուցման մրցույթ։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ հողահատկացումն արդեն արվել է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շենքի շինարարությունը որոշակի ժամանակ կտևի, ըստ հաշվարկների՝ մոտ երկու տարի, նախարարությունը ժամանակավոր լուծում է գտել, որը կիրառվում է ոչ միայն Մեղրիի համար։

«Օգոստոսի 1-ից Մեղրի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում գործում է հատուկ ծառայություն, որ տեղի բժշկական կազմակերպությունը պետական պատվերի միջոցների շրջանակներում կկազմակերպի տեղափոխումը, դիահերձումը և հետ տեղափոխումը տվյալ համայնք, որ այս ընթացքում էլ խնդիրը լուծված լինի»,- նշեց նախարարը։

Նա հավելեց, որ մինչ այս քաղաքացիները ստիպված էին սեփական միջոցներով կազմակերպել այս ամենը։