ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հավատարմագրերի պատճենը հանձնելիս կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ Այս մասին հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։
«Հույս ունեմ, որ դեսպանությունն իր առաքելության իրականացման ընթացքում կշարունակի վայելել Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությունը և աջակցությունը»,–ասել է Արսենյանը։
Նշվում է, որ Գուրգեն Արսենյանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ օրակարգի առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել առաջիկա բարձրաստիճան փոխայցերին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրերի պատճենի հանձնումով ՀՀ դեսպան Արսենյանը համարվում է լիարժեք անցած իր պարտականությունների կատարմանը։
ՀՀ դեսպանը հավատարմագրերը ՌԴ նախագահ Վ.Պուտինին կհանձնի նորանշանակ դեսպանների հավատարմագրերի հանձնման առաջիկա արարողությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվեց օգոստոսի 15-ին։
Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել էր օգոստոսի 6-ին։
Մինչ այդ ՌԴ–ում ՀՀ դեսպանը Վաղարշակ Հարությունյանն էր, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022–ի հունվարին։