ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Հնդկաստանի արևմուտքում հանկարծակի բռնկված անհայտ հիվանդությունից 15 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
«Գուջարաթի նահանգի Կաչ օկրուգի Լաքպաթ քաղաքում խորհրդավոր տենդի զոհերի թիվը վերջին ութ օրվա ընթացքում հասել է 15-ի, սակայն պատկան մարմինները դեռ չեն կարողացել պարզել դրա պատճառը», - ասվում է լրատվականի հաղորդման մեջ:
Անհայտ տենդը սեպտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում 10 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանք է խլել: Այնուհետև գրանցվել է առնվազն ևս 5 մահվան դեպք։
Ի սկզբանե, համարում էին, որ խորհրդավոր հիվանդությունը թոքաբորբն է։ Ավելի ուշ կատարված ուսումնասիրությունները բացառել են H1N1 գրիպի վիրուսի, խոզի գրիպի, մալարիայի և դենգե տենդի պատճառով մահը: Մահացածների հետազոտություններն ուղարկվել են Պունա քաղաքի վիրուսաբանության ազգային ինստիտուտ։
«Սպասվում է, որ արդյունքները կստացվեն մեկ-երկու օրից, ինչից հետո կպարզվի՝ դա հայտնի՞ վիրուս է, թե՞ նոր բան»,-ասել է տեղի վարչակազմի ներկայացուցիչ Ամիտ Արորան։
Ավելի վաղ Իսպանիայում հայտնաբերվել էին նոր խորհրդավոր հիվանդությամբ վարակվելու տասնյակ դեպքեր: Հիվանդները տառապում էին առնետի հեպատիտ E վիրուսից (Rocahepevirus ratti), որն առաջին անգամ հայտնաբերվել է Գերմանիայում՝ 2010 թվականին: Ենթադրվում էր, որ մարդը չի կարող հիվանդանալ դրանով, բայց 2018-ին Հոնկոնգում հայտնվեց մարդու վարակման առաջին դեպքը: