ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի բանավեճից հետո գովել է դեմոկրատների թեկնածու Հարիսին, բայց սատարել է Թրամփին։
X սոցցանցի իր էջում Մասկը գրել է, որ Հարիսը բանավեճի ժամանակ գերազանցեց շատերի սպասումները, բայց Թրամփն ավելի լավ կկատարի պետության ղեկավարի աշխատանքը։ Մասկն ընդգծել է նաև, որ արդար չի համարում բանավեճի մոդերատորների վերաբերմունքը Թրամփի նկատմամբ։
«Այս գիշերը Քամալա Հարիսը գերազանցեց մարդկանց մեծ մասի սպասումները։ Այնուամենայնիվ, այն ինչ իրական գործին է վերաբերում, այլ ոչ թե միայն գեղեցիկ հնչող խոսքերին, ես համոզված եմ, որ Թրամփն ավելի լավ գլուխ կհանի», – գրել է գործարարը։
Նա նաև հարցադրում է արել` ինչո՞ւ Հարիսը լավ աշխատանք չցուցադրեց ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում, եթե նա կարող է դա անել։ Մասկի խոսքով` Հարիսը փաստացի արդեն ղեկավարում է երկիրը, քանի որ գործող նախագահ Ջո Բայդենը հազվադեպ է լինում աշխատավայրում։
«Հարցը հետևյալն է` ուզում եք, որ ընթացիկ միտումները ևս չորս տարի պահպանվե՞ն, թե՞ փոփոխություններ եք ուզում», – հավելել է Մասկը։
Ավելի վաղ գործարարը հայտարարել էր, որ եթե Հարիսը հաղթի, ԱՄՆ–ում այլևս իրական ընտրություններ չեն լինի։ Նա հիշեցրել էր, որ Դեմոկրատական կուսակցության առաջնորդներն ուզում են օրինականացնել 15 մլն ապօրինի միգրանտներին, դրանից հետո էլ ևս տասնյակ միլիոնավոր օտարերկրացի «բերել» երկիր։ Մասկի կարծիքով` այդ ծրագրի իրագործումն ԱՄՆ–ն մշտական միակուսակցական պետության կվերածի։