ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Քամալա Հարիսի հետ ABC հեռուստաալիքով կազմակերպված բանավեճի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն «անկում են ապրում»։
«Ուզում եմ մի պարզ հարց տալ. ինչո՞ւ այն ոչինչ չի արել։ Մենք անկում ապրող ազգ ենք, լուրջ անկում։ Մենք աշխարհում ամենուր վերջին տեղերում ենք հայտնվել։ Համաշխարհային առաջնորդները չեն հասկանում` ինչ է մեզ հետ տեղի ունեցել։ Մենք չունենք ղեկավարություն և գիտակցում, թե ինչ է կատարվում», – ասել է Թրամփը։
Քաղաքական գործիչը մտահոգություն է հայտնել, որ աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող հակամարտությունների շարքը, որոնք ծավալվել են ԱՄՆ–ում դեմոկրատների իշխանության օրոք, կվերածվի համաշխարհային երրորդ պատերազմի, «որի նմանը նախկինում երբեք չի եղել»։ Թրամփի կարծիքով` ամերիկացիները «չպետք է իրենց երկիրը զոհաբերեն որևէ մեկի քաղաքական վատ ղեկավարման պատճառով»։
Բանավեճից առաջ Հարիսն ու Թրամփը գրեթե միաժամանակ դուրս եկան իրենց ամբիոնների մոտ, ընդ որում դեմոկրատների թեկնածուն առաջինը ձեռք մեկնեց իր ընդդիմախոսին։ CNN–ը նշում է, որ Հարիսը ներկայացել է անունով և ասել` «Եկեք մի լավ բանավիճենք»։
Թրամփը պատասխանել է` «Հաճելի է ձեզ տեսնել։ Զվարճացեք»։ Դրանից հետո կողմերը սկսել են բանավեճը։ Ընդ որում Թրամփը և Բայդենը հունիսին կայացած բանավեճի ժամանակ միմյանց ձեռք չէին սեղմել։
RT–ի հաշվարկներով` Թրամփն ու Հարիսը11 անգամ մեղադրել են միմյանց ստի մեջ։ Հանրապետական կուսակցության թեկնածուն արել է դա 6 անգամ, գործող փոխնախագահը` 5։
Գլխավորը՝ բանավեճի մասին.
- Հարիսը հայտարարել է, որ ԱՄՆ–ի համար սկզբունքային նշանակություն ունի տեխնոլոգիական մրցավազքում հաղթել ՉԺՀ–ին, միևնույն ժամանակ նա մեղադրել է Թրամփին նրանում, որ նա «վաճառել է Ամերիկան»։
- Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում Հարիսի հաղթանակի դեպքում ԱՄՆ–ն «հաջողության հասնելու շանսեր չունի», երկիրը «ստերոիդների վրա պահվող Վենեսուելայի» կվերածվի։
- Հարիսը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները «ծաղրում են» Թրամփին, իսկ ԱՄՆ զինվորական շրջանակներում նրան «խայտառակություն» են համարում։ Բանավեճի վերջում Թրամփն ընդամենը մեկ հարց է հնչեցրել Հարիսի մասին. «Ինչո՞ւ իշխանության եղած 3.5 տարվա ընթացքում նա չի արել այն, ինչն այսօր խոստանում է ընտրողներին»։
- Թրամփն այն հարցին, թե արդյոք Կիևի հաղթանակը բխում է ԱՄՆ շահերից, ասել է. «Մեր շահերից է համաձայնության հասնելն ու հակամարտությանը վերջ դնելը»։ Թրամփը քննադատել է Բայդենին Ռուսաստանի հետ շփումների բացակայության համար։
- Թրամփը հայտարարել է, որ Հարիսն ատում է Իսրայելը, և, եթե նա հաղթի, այն «երկու տարի անց կդադարի գոյություն ունենալ»։
- Հարիսը ելույթի վերջում խոստացավ ապահովել երկիրն աշխարհի ամենամահաբեր բանակով։
Ի դեպ, Հարիսի խոսափողը միշտ չէ, որ անջատված էր և նա հեշտությամբ ընդհատում էր Թրամփին, թեև Թրամփի խոսափողն անջատվում էր։ Ավելին, ամերիկյան ABC հեռուստաալիքի մոդերատորներ` Դևիդ Մուերն ու Լինդսի Դևիսը, բացահայտ կերպով աջակցում էին Հարիսին նրա ելույթի ժամանակ։ Այդ մասին նշել է նաև նախագահական մրցապայաքարի նախկին մասնակից Վիվեկ Ռամասվամին X սոցցանցի իր էջում գրելով. «Բանավեճի հետաքրքիր ձևաչափ է` «երեքը մեկի դեմ»»։
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական շտաբը հայտարարել է, որ Հարիսը պատրաստ է հոկտեմբերին հանրապետական Դոնալդ Թրամփի հետ անցկացնել բանավեճի երկրորդ փուլը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնին պաշտոնապես առաջադրվել է Դոնալդ Թրամփը։ Դեմոկրատներից ընտրություններին մասնակցում է գործող փոխնախագահ Քամալա Հարիսը։