Գնել Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հարցը

Գնել Սանոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև էներգետիկ, տրանսպորտային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացման հարցը քննարկել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հանդիպման ժամանակ քննարկվել են նաև էներգետիկ, տրանսպորտային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր։
Հիշեցնենք` ռուսաստանյան «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն այժմ Մեծամորի ԱԷԿ-ի միակ գործող`2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով (մինչև 2036 թ․) երկարացնելուն ուղղված աշխատանքներ է իրականացնում։
Դրանց ընթացքում նախատեսվում է գնահատել ռեակտորի մետաղի հատկությունների փոփոխությունները։ Այդ նպատակով «Ռոսատոմ Սերվիսը» դիտարկող նմուշներ է տեղադրել ռեակտորի կորպուսում, որոնցից ստացված տվյալները 2025 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ենթարկվելու են լաբորատոր փորձաքննության։
Դրական արդյունքների դեպքում 1979թ–ին շահագործման հանձնված Մեծամորի ԱԷԿ–ը կարող է ծառայել առավելագույնը մինչև 2036թ–ը։ Մինչ այդ Հայաստանը պետք է հասցնի նոր ատոմակայան կառուցել երկրի էներգետիկ անվտանգությունը չվտանգելու համար։
ԱՄՆ–ն ՀՀ–ում հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու հարցով