67 տարեկանում մահացել է ԽՍՀՄ չեմպիոն Խորեն Ինջյանը

Խորեն Ինջյանը ռինգում. Արխիվային լուսանկար
Խորեն Ինջյանը 1995–1997 թթ. հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. 67 տարեկանում կյանքից հեռացել է բռնցքամարտի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն, գերծանր քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ Խորեն Ինջյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Խորեն Ինջյանը ծնվել է 1957 թ. հուլիսի 11–ին Երևանում:
Մարզական կարիերայում նա առավել նշանակալի հաջողությունների է հասել 1979 թվականին։ Այդ տարվա մայիսին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ հասնելով կիսաեզրափակիչ՝ դարձել է բրոնզե մեդալակիր։
1979–ին նա նաև դարձել է ԽՍՀՄ առաջնության հաղթող և ԽՍՀՄ ժողովուրդների VII սպարտակիադայի ոսկե մեդալակիր: Նույն տարում ԱՄՆ-ում մասնակցել է աշխարհի գավաթի առաջին խաղարկությանը և հասել եզրափակիչ, որտեղ պարտվել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Թոնի Թաբսին՝ արժանանալով արծաթե մեդալի:
1990 թվականից Ինջյանը ապրել է Լոս Անջելեսում։ 1995–1997 թթ. հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում: