Որևէ գործընկեր չի կարող մեղադրել ՀՀ-ին եռակողմ փաստաթղթի որևէ կետ չկատարելու մեջ․ Փաշինյան

Վարչապետի շեշտեց, որ փաստաթղթում չկա դրույթ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապն ապահովելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Որևէ գործընկեր որևէ հիմք չունի մեղադրելու Հայաստանի Հանրապետությանը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթ չիրականացնելու մեջ։ Այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ ինչպես տեսնում եք, ՀՀ-ն և ցանկացած անկախ ու օբյեկտիվ դիտորդ ունի հիմքեր ասելու, որ եռակողմ հայտարարության մեր մյուս գործընկերները չեն իրականացրել առնվազն ամբողջությամբ իրենց պարտավորությունները»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաճախ վերագրվում են այնպիսի կետեր և դրույթներ, որոնք իրականանում այնտեղ չկան։
Օրինակ, հայտարարության 9-րդ կետը փորձ է արվում ներկայացնել, թե իբր Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապն ապահովելու մասին է։ Մինչդեռ ըստ այդ դրույթի՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։
«Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը 9-րդ կետի ենթաբովանդակային դրույթ է, իսկ 9-րդ կետի հիմնական բովանդակությունը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին է»,- հայտարարեց Փաշինյանը։
Մեկ այլ թյուրըմբռնում կապված է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և անվտանգության ապահովման հետ, մասնավորապես այն հարցի, թե ով պետք է լինի անվտանգության երաշխավորը։
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու դրույթ է նախատեսվում. Փաշինյան
«ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու նպատակով»,- մեջբերում արեց հայտարարությունից Փաշինյանը՝ ընդգծելով, որ այստեղ խոսք չկա այն մասին, որ հաղորդակցության անվտանգությունը կարող է երաշխավորվել երրորդ ուժերի կողմից (9-րդ կետի վերջում ասվում է, որ «տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները» - խմբ)։ Ըստ նրա՝ այլ կերպ չէր էլ կարող լինել, որ ինքնիշխան երկրի տարածքում այլ երկիր երաշխավորեր անվտանգությունը։
Այսպիսով, ըստ Փաշինյանի, ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը լիարժեք տեղավորվում է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության և Հարավային Կովկասում տևական ու կայուն խաղաղություն հաստատելու տրամաբանության մեջ։