ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի -Sputnik. Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն Երևանին և Բաքվին առաջարկել է խաղաղության պայմանագիրը կնքել Բուդապեշտում։ Այս մասին նա հայտարարել է Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ։
«Մեր մայրաքաղաքը կարող է ծառայել որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր, կարծում եմ` դա այն կարևոր օգնությունն է, որը մենք կարող ենք տրամադրել», - ասել է նա։
Պատերազմը, նրա խոսքով, երբեք չի ավարտվում ռազմի դաշտում, դա տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ։ Ըստ նրա` Հունգարիան այն կարգավիճակում է, որ կարող է հաղորդակցվել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո երկրները առևտրի ռեկորդ են գրանցել , նաև ուղիղ չվերթ են բացել։
«Մենք նաև նախատեսում ենք սկսել համագործակցություն էներգետիկ ոլորտում, բացել դեսպանություններ»,- ասել է Սիյարտոն։
Նա հավել է, որ Ադրբեջանի հետ էլ Հունգարիան ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ։
Նա նշել է, որ դա իր երկրին հնարավորություն է տալիս աջակցելու խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու գործընթացին։
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը և պատրաստել առաջարկների պատասխան փաթեթը։ Միաժամանակ Երևանը հաստատեց նաև ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրի նախագծից փոխադարձ համաձայնությամբ հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 9-ին հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի 16 հոդվածներից 13-ը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է,` մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։