Սեպտեմբերյան մտորումներ. սոցցանցերը՝ Արցախի կորստի, «արևմտամետների» և հայերի մասին

Ամեն ինչ փոխվում է, այդ թվում՝ սեպտեմբերը։ Մի ժամանակ սեպտեմբերն Արցախի անկախության հերթական տարեդարձի ամիսն էր, այս տարվա սեպտեմբերը շատ ավելի տխուր է՝ խորհրդարանական բանավեճ այն մասին, թե իրականում ով, ինչպես և ինչու հանձնեց Ղարաբաղը։
Sputnik
...Փոխադարձ մեղադրանքներ, կծու խոսքեր այդպես էլ ոչ մեկի կողմից չճանացված հանրապետության նախկին ղեկավարության հասցեին, իսկ թե ինչ է կատարվելու սոցիալական ցանցերում, շատ պատկերավոր ներկայացրել է օգտատերերին մեկը։ Մեջբերեմ.
«Հեսա կլրանա Արցախի կորստի մի տարին։ Մենք շատ արագ՝ լուսը չբացված, մի քանի նկարներ կճպցնենք մեր էջերում՝ տակը գրելով «Արդեն մի տարի առանց քեզ, իմմմ Արցախխխ», «Ախխխ Արցախխխխ», «Արցախսսսսս», «Կներե′ք մեզ, արցախցինե′րսսսս», մեկն ավելի ինքնախարազան գտնվելով անգամ կգրի «Չներե′ք մեզ, ծեծե′ք մեզ, իմ տարաբախտ և հայրենազուրկ հայրենակիցնե′րսսսս», ու ըտենց մինչև օրվա վերջ։ Բայց հենց մինչև օրվա վերջ, որովհետև հաջորդ օրը արդեն կորսված Արցախինը չէ, հաջորդ ու մնացած օրերը մենք ապրելու ենք սովորականի նման՝ անտարբեր ու բացառապես մեր հետույքի մասին մտածելով, մինչև կգա մի նոր հիշարժան օր, ու նորից կմտնենք «Ֆեյսբուք»՝ ախ ու վախով, ողբով ինչ-որ բան դուրս տալու համար»,- կանխատեսել է գրառման հեղինակը։
Կասկածներ Բաքվում բանտարկված հայրենակցի վերաբերյալ. սոցցանցային արձագանք՝ վերջին ասուլիսին
Իսկապես, բավական տարօրինակ հանրություն ենք դարձել. ինքներս ենք ղեկավարության հետ միասին գրեթե ամեն օր կրկնում, թե մեզ նոր պատերազմ է սպասում, Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զինվել և արդիականացնել բանակը, և միաժամանակ նոր ծախսատար ծրագրեր ենք նախատեսում՝ ակադեմիական քաղաք, Կասկադի վերափոխում և այլն։ Այսինքն, ուր գնում ես՝ այսօրվա ամենատարածված խորհուրդն ես լսում՝ մենք պետք է դասեր քաղենք կատարվածից, և ուր գնում ես, տեսնում ես, որ որևէ մեկը, այդ թվում՝ երկրի ղեկավարությունը, բացարձակ ոչ մի ցանկություն չունի հետևելու այդ խորհրդին։
Լսենք օգտատերերից մեկի կարծիքը. «Ալիևը սեփական քաղաքացիների համար կերտում է երազանքներ, հետևողականորեն գնում է դրանց կատարման հետևից, պետական քարոզչության մակարդակի է հասցնում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը, ջանք է թափում ադրբեջանցիների «վերադարձի» ուղղությամբ, անդադար Հայաստանից պոկում է նորանոր տարածքներ, դիրքավորվում է Ջերմուկի մատույցներում, այն աստիճանի սարսափ է տարածում Հայաստանի իշխանությունների վրա, որ վերջիններս Արցախ բառը լսելիս ձիու նման խրտնում են, գրեթե հասնում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, բոլոր միջնորդներին արանքից հանում է ու դեմ առ դեմ մնում Փաշինյանի հետ։ Այդ նույն ժամանակահատվածում մեր երկրի ղեկավարը Հայաստանի քաղաքացիներին դիմում է հերթական գաղափարազուրկ և հայրենիքի արժեքը մերժող կոչով՝ «Այստեղ հաց, այստեղ կաց». մեջբերման ավարտ։
Հայաստանյան այս գեղեցիկ սեպտեմբերը հիրավի կարելի է «եվրոպական» անվանել։ Եվրամիությունը, որը վաղուց արդեն առանց մուտքի թույլտվության այցելելու իրավունք է շնորհել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներին, վերջապես սկսում է բանակցությունները նաև Հայաստանի հետ։ Այդ առիթով Երևան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահը։ Իսկ որոշ քաղաքական ուժեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել փաստաթղթեր՝ Եվրամիությանը միանալու հարցով ստորագրահավաք սկսելու համար։ Այնուամենայնիվ, սոցցանցերի օգտատերերից առնվազն մեկը այսպես կոչված արևմտամետներին կեղծ է անվանում և հիմնավորում.
«Ինչու եմ ասում պսևդոարևմտամետներ, որովհետև նրանց ճնշող մեծամասնությունը չի ճանաչում իրական, խորքային, լուսավորյալ, պահպանողական, քրիստոնեական Արևմուտքը, տո սկի անգլերեն չգիտեն: Մարդիկ մեզ Եվրամիություն մտնելու խոստումներ են տալիս, իսկ իրենք ուղղակի պատրաստվում են մտնել բացառապես Ազգային ժողով: Այդքանով սահմանափակվելու են իրենց արևմտյան նկրտումները»,- համոզված է գրառման հեղինակը:
Մինչ կառավարությունը քննարկում է ոչխարների և մեղուների խնդիրը...
Եվ վերջում մի քանի խոսք՝ ի պաշտպանություն հայերի։ Այո′, մենք շարունակ քննադատում ենք ինքներս մեզ, հեգնում ու դժգոհում ենք միմյանցից։ Բայց արդյոք իսկապե՞ս այդքան վատն ենք։ Լսենք նաև այս կարծիքը.
«Օրվա մեջ մի հազար անգամ կլսես՝ մենակ հայերն են, որ ուշանում են, մենակ հայերն են, որ սիգարետը մեքենայից դուրս են նետում, մենակ հայերն են, որ աէորպորտի հերթերում իրենց անշնորք են պահում, մենակ հայրերն են, որ փողոցները ոնց ուզում անցնում են: Եվ այլն, և այլն… Պարզ է, որ վատը երևացող է, արագ նկատվող: Սա չի նշանակում, որ վատի մասին չպետք է խոսնեք: Պետք է, քննադատենք, լուծումներ առաջարկենք: Առանց վատը քննարկելու լավին չենք հասնի: Բայց եթե խորքային նայենք, ախր, բացարձակ մեծամասնությունը իրեն ադեկվատ է պահում. ո′չ ուշանում են, ո′չ սիգարտ են են նետում, ո′չ իրենց անշնորհք են պահում: Գուցե, հակառակը անենք: Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե ամեն լավը ասոցացնենք հայերի հետ: Դժվար է, բայց սա ավելի լավ տեղ տանող վարքագիծ է»,- համոզված է գրառման հեղինակը։ Հո դեմ չե՞ք։