ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեք չի խորշել նոր ընտրություններից և պատրաստ է գնալ դրան։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նման հայտարարություն արեց ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամների այն խոսքերից հետո, թե ինքը տապալել է Երևանի կառավարումը։ Երբ Ավինյանը հայտարարեց, որ ելույթ է ունենալու, ընդդիմադիրները ցուցադրական լքեցին նիստերի դահլիճը։
«Ինչո՞ւ է սուտն ու մանիպուլյացիան լցվում այս դահլիճ։ Ասում են` Երևանում աշխատանքները տապալվել են։ Անկեղծ եք ասո՞ւմ։ Եկեք մեխանիզմը քննարկենք, գնանք նոր ընտրությունների»,- ասաց Ավինյանը։
Անդրադառնալով կատարված աշխատանքներին, Ավինյանն ընդգծեց, որ Երևանում միայն այս տարի 50 փողոցներում 52 կմ-ից ավելի միջին նորոգման աշխատանքներ են արվել։ 200-ից ավելի բակերում աշխատանքներ են կատարում, 50-ում արդեն ավարտվել են։
Հիշեցնենք` 2023 թվականի հոկտեմբերի 10–ին տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Նիստից հետո երկու խմբակցությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Ավինյանի թեկնածությանը 32-ը «կողմ» քվեարկեցին, 5–ը` «դեմ»։ Իշխանության թեկնածուի օգտին իրենց ձայնը տվեցին «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» խմբակցությունների անդամները, դեմ՝ «Հանրային ձայնի» անդամները։ Նշենք, որ եթե «Հանրային ձայնի» անդամները ևս բոյկոտեին ավագանու նիստը, քվորում չէր լինի և քաղաքապետի ընտրությունը չէր կայանա։