Հայաստանի կոչերն անընդունելի են. Ադրբեջանի ԱԳՆ–ն` Փաշինյանի առաջարկի մասին

Ադրբեջանի ԱԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացմանը, հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկում է ստորագրել պայմանագրի համաձայնեցված մասերը և շարունակել աշխատել մնացած կետերի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Բաքուն անընդունելի է համարում խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը ստորագրելու, իսկ մնացած դրույթներն ավելի ուշ քննարկելու առաջարկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
Սեպտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացմանը, հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է` ներառյալ նախաբանը և 13 հոդված։ Այդ կապակցությամբ Հայաստանը, նրա խոսքով, Ադրբեջանին առաջարկում է ստորագրել պայմանագրի համաձայնեցված մասերը և շարունակել աշխատել մնացած կետերի ուղղությամբ:
«Բաքուն անընդունելի է համարում Հայաստանի պաշտոնատար անձանց կոչը, այն է` «խաղաղության համաձայնագրի» նախագիծը ստորագրել առանց չհամաձայնեցված դրույթների։ Ադրբեջանը չի ընդունում նաև երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծումը հաջորդ փուլ տեղափոխելու փորձերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանության մեջ։
Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայերի վերադարձին, ապա Հաջիզադեն հայտարարել է, որ Ադրբեջանը գերիների ազատ արձակելու որևէ պարտավորություն չունի, և նրանց անվանել է «հանցագործներ»:
Փաշինյանի` եռակողմ պայմանավորվածությունների վերաբերյալ հայտարարությունները վերաբերյալ Բաքվում «իրականության խեղաթյուրում» են անվանել։
Նշենք, որ ՀՀ վարչապետը մեջբերել էր եռակողմ հայտարարության մի հատված, բայց ոչ ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով» (9-րդ կետի վերջում ասվում է, որ «տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները». խմբ.):
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը և պատրաստել առաջարկների պատասխան փաթեթը։ Միաժամանակ Երևանը հաստատեց նաև ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրի նախագծից փոխադարձ համաձայնությամբ հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել համաձայնեցված հոդածները
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 9-ին հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի 16 հոդվածներից 13-ը։
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու դրույթ է նախատեսվում. Փաշինյան
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է` մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։