ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի շրջանում չեզոքացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Թել աս Սուլթան» գումարտակի մի քանի հրամանատարների: Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
«ՑԱԽԱԼ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերի համատեղ գործողության ընթացքում 401-րդ բրիգադի զինվորները Ռաֆահի շրջանում հայտնաբերել են անօդաչու թռչող սարքեր կառավարող մի քանի ահաբեկչական բջիջներ։ Զինվորականներն ավիահարվածներով ոչնչացրել են ահաբեկիչներին։ Օդուժի հարվածի արդյունքում չեզոքացվել են «Թել աս Սուլթան» գումարտակի հրամանատար Համաս Մահմուդ Համդանը և այդ գումարտակի ևս 3 հրամանատար», - ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՑԱԽԱԼ–ի` Համդանը կարևոր դեր է խաղացել անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զորքերի ներխուժման պլանավորման գործում: Բացի այդ, զինվորականների տվյալներով, նա ղեկավարել և ծրագրել է տասնյակ ահաբեկչական գործողություններ ՑԱԽԱԼ-ի զորքերի և Իսրայելի պետության դեմ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։