Այսօր գիշերը Ուկրաինայի զինուժն անօդաչուներով հարձակվել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա, 46-ամյա կին է զոհվել, մի քանի մարդ տուժել, լրջորեն վնասվել են որոշ ենթակառուցվածքներ։
ԱԹՍ–ի գրոհը հետ մղելու ժամանակ հրդեհ է բռնկվել բնակելի տան11-12-րդ հարկերի մակարդակում։
Տարհանված բնակիչներին տեղավորում են ժամանակավոր կեցավայրերում։
Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը ժամանել է մերձմոսկովյան Ռամենսկոյե` գնահատելու իրավիճակն ու զրուցել հարձակումից տուժած բնակիչների հետ։ Մարզպետի տվյալներով` նույն շենքի 102 բնակարաններից 54–ը վնասվել են։
«Ժամանել եմ Ռամենսկոյե` «Սպորտային անցման» (Спортивный проезд) վրա գտնվող մի տուն, որը տուժել է ԱԹՍ–ի հարվածից։ Այստեղ վնասվել են երեսպատումը, միջնապատերը և պատուհանները։ Կրող պատերը չեն տուժել։ Առաջին շքամուտքում 102 բնակարաններից 54–ն են վնասվել», – գրել է նա Telegram–ի իր ալիքում։
Իշխանությունները կստանձնեն բնակարանների վերականգնման և վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև կփոխհատուցեն վնասված գույքի դիմաց։
Ավելի վաղ Վորոբյովը հայտնել էր, որ ՀՕՊ–ը գիշերը 14 անօդաչու է խոցել Պոդոլսկ, Ռամենսկոյե, Լյուբերցի, Դոմոդեդովո և Կոլոմնա քաղաքային օկրուգներում։
Ուկրաինական անօդաչուները փորձել են հարձակում իրականացնել Ժուկովսկի օդանավակայանի վրա։