Զինծառայողը կրակել է ծառայակցի ուղղությամբ, ապա անդամախեղման իմիտացիա ստեղծել. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտե
Զինծառայողը դիրքի անձնակազմին հորդորել է, որ դեպքը ներկայացնեն այնպես, թե իբր վնասված զինծառայողն ինքն է պատահաբար կրակել իր ոտքին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասում զինծառայողը կրակել է ծառայակցի ոտքին, ապա վնասվածք ստացած զինծառայողի կողմից անդամախեղման իմիտացիա ստեղծել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` ներկայացնելով դեպքի մանրամասները։
2023թ. սեպտեմբերի 19-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Գևորգյանը նույն հենակետի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով կատարել է անդամախեղում՝ աջ ոտքի շրջանում մեկ կրակոց արձակելով, որի հետևանքով զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցվել են։
Քննությամբ պարզվել է, որ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն ոտնաթաթն անզգուշությամբ տրորելու հարցի շուրջ վիճաբանել է ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Գևորգյանի հետ։
Վ.Մ.-ն մարտական դիրքի զինաբուրգից վերցրել է նույն մարտական դիրքի ավագին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, բացել է զենքի ապահովիչը, լիցքավորել այն և մենահատ կրակոց է արձակել դեպի օդ։ Ապա մեկ մենահատ կրակոց է արձակել Ա.Գևորգյանի ուղղությամբ՝ ծանր վնասվածք հասցնելով նրա։
Դեպքից անմիջապես հետո Վ.Մ.-ն լիցքաթափել է նշված ինքնաձիգը, տվել է Ա.Գևորգյանին, որպեսզի վերջինիս մատնահետքերը մնան ինքնաձիգի վրա։ Այնուհետև Վ.Մ.-ն նետել է գետնին հայտնաբերված կրակված գնդակը և դիրքի անձնակազմին հորդորել, որ դեպքը ներկայացնեն այնպես, թե իբր Ա.Գ.-ն ինքն է պատահաբար կրակել իր ոտքին: Բացի այդ, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն դիրքի անձնակազմից երկու զինծառայողի հանձնարարել է մաքրել Ա. Գևորգյանի ոտքից թափված արյունը դեպքի իրական հանգամանքները թաքցնելու համար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում հրամանատարի նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը` զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ): Զինծառայողը կալանավորվել է։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
19 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է. մեղադրյալը զինծառայողի ծառայակիցն է