ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հնարավոր հաձնելը չի խախտի Հայաստանի ինքնիշխանությունը։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով` բոլոր կետերն այժմ քննարկվում են հայելային ձևաչափով։
«Նման փորձ՝ հանձնելու որևիցէ այլ կազմակերպության, կա և գոյություն ունի։ Եթե նման բան տեղի ունենա, դա լինելու է ՀՀ օրենսդրությանը համապատասխան»,- ասաց Սիմոնյանը։
Սակայն, ըստ նրա, այս պահին այս առնչությամբ որոշումներ չեն կայացվել։
Սիմոնյանն ընդգծեց, որ տրամաբանական և շատ ավելի հարմարավետ կլինի, որ զննումներ իրականացնի որևէ երրորդ կողմը, քանի որ մի քանի տարի է, ինչ ավարտվել է հակամարտության «տաք փուլը»։
Սիմոնյանն ինքնիշխանության հետ կապված խնդիրներ չի տեսնում, քանի որ ամեն ինչ ընթանալու է Հայաստանի օրենքների շրջանակներում, ՀՀ դրոշի ներքո։ Որպես օրինակ՝ Սիմոնյանը հիշեցրեց, որ այսօր Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահներ են կանգնած և այդ հարցում էլ մտածելու բան կա։
«Բայց, այնուամենայնիվ, սա առաջարկ է, որը քննարկման փուլում է»,- ասաց Սիմոնյանը։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ քննարկում են Ադրբեջանի հետ ապագա տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործառույթները մասնավոր ընկերություններին փոխանցելու հնարավորությունը։