ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում էներգառեսուրսների ընդհանուր շուկա ստեղծելու հարցը քննարկվել է Մինսկում, որտեղ սեպտեմբերի 9-ին կայացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի աշխատանքային հանդիպումը Բելառուսի փոխվարչապետ Վիկտոր Կարանկևիչի, ինչպես նաև Բելառուսի էներգետիկայի նախարար Ալեքսեյ Կուշնարենկոյի հետ:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրերի համաձայնեցման ընթացքը:
«Պայմանագրերի նախագծերի համաձայնեցման ավարտը կախված է շուկաների ձևավորման սկզբունքային հարցերի շուրջ կողմերի կոնսենսուսից»,-նշել է Կոժոշևը:
Կողմերն ընդգծել են զգայուն հարցերի կարգավորման շուրջ երկխոսությունը շարունակելու և դրանց վերաբերյալ փոխադարձ ընդունելի լուծումներ որոնելու անհրաժեշտությունը՝ միության մարմինների նիստերում հետագա քննարկման համար:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև էներգետիկ ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության ընդհանուր ուղղություններին վերաբերող հարցերի: