Կաշառք, խարդախություն, պաշտոնեական դիրքի չարաշահում. ԱԻ նախկին նախարարը մեղավոր է ճանաչվել

Անդրանիկ Փիլոյանի պատժի հարցին դատարանը կանդրադառնա լրացուցիչ դատալսումների փուլում։ Լրացուցիչ դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հրապարակել է ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և մյուսների գործով դատավճիռը։
Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքի դրվագներից մեկը՝ խոշոր չափերով կաշառք ստանալը (երկու դրվագ) վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածով՝ խարդախությամբ։ Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խարդախության և կաշառք ստանալու մեղադրանքներով։ Պատժի հարցին դատարանը կանդրադառնա լրացուցիչ դատալսումների փուլում։ Լրացուցիչ դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։
Նույն գործով ներգրավված այլ անձինք, այդ թվում` ԱԻ նախարարության պաշտոնյաներ Վիգեն Գրիգորյանը, Արտակ Բեյբությանը, Վիգեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը և Հրաչյա Երեմյանը մեղավոր են ճանաչվել առաջադրված մեղադրանքներում։
Եկել է նրան «Ազգային հերոսի» կոչումից զրկելու ժամանակը. Սիմոնյանը` Փիլոյանի մասին
Արա Յաղջյանն արդարացվել է, Աշոտ Հակոբյանը հոդվածներից մեկով արդարացվել է, մի մասով՝ դատարանը մեղադրանքը վերաորակել է։ Նա մեղավոր է ճանաչվել խարդախություն կատարելու համար, որը տեղի է ունեցել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների մեջ:
Նախկին նախարարը կալանավորվել էր 2022–ի մարտի 31-ին, ձերբակալման պահին նա զբաղեցնում էր նախարարի պաշտոնը։ Սա հանրապետության պատմության ընթացքում գործող նախարարի ձերբակալության առաջին դեպքն է։ Գեներալ-մայոր, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը կալանքի տակ է եղել 2022 թվականի մարտից հոկտեմբեր ամիսներին։
Քննության վարկածով՝ Փիլոյանն իր օգնականի աջակցությամբ խոշոր կաշառք է ստացել նախարարության հետ համագործակցող ընկերությունից։ Փիլոյանի օգնականի աշխատասենյակում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենք-զինամթերք։
Նշենք, որ Ազգային հերոսի կոչումը Փիլոյանը ստացել է 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, բանակային կորպուսներից մեկի հրամանատար եղած ժամանակ։ Պատերազմից հետո նշանակվել էր արտակարգ իրավիճակների նախարար։
Ե՛վ մարդկայնորեն, և՛ քաղաքական առումով ինձ համար շատ ցավալի է. Փաշինյանը` Փիլոյանի մասին