ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Իրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Ինչպես նշել է իրանցի դիվանագետը` Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների առաջխաղացումը։
«Կովկասում խաղաղությունը շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը», – ասել է Քանանին։
Ավելի վաղ Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հիշեցրել էր Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը` կապված տարածաշրջանային սահմանների և աշխարհագրության ցանկացած փոփոխության բացառման հետ։
Հիշեցնենք, որ Թեհրանը դեմ է հանդես գալիս արտատարածքային միջանցքին, որը Հայաստանի տարածքով «մայրցամաքային» Ադրբեջանի և Նախիջևանի ցամաքային կապն ապահովելու նպատակով պահանջում են Բաքուն և Անկարան։