Երևանում առևանգված 55-ամյա կնոջ ամուսնուց 4 մլն դոլար փրկագին են պահանջել․ նոր մանրամասներ

Ոստիկանները ձերբակալել են 5 անձի, 6-րդ մասնակցին որոնում են։
Sputnik
Երևանում առևանգված 55-ամյա կնոջ ամուսնուց 4 միլիոն դոլար փրկագին են պահանջել, որը պետք է փոխանցվեր կրիպտոարժույթի միջոցով։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը ներկայացրել է աղմկահարույց դեպքի մանրամասները։
Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2 դիմակավորված անձինք, ներկայանալով ԱԱԾ աշխատակից, սեպտեմբերի 4-ին Երևանի լողավազաններից մեկից առևանգել են մի կնոջ` նստեցնելով «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ կինը հայտնաբերվել է Տավուշի մարզի գյուղերից մեկում, իսկ նրան առևանգած 3 կասկածյալները` «Զվարթնոց» օդանավակայանում։
Ոստիկանությունից հայտնում են, որ կնոջն առևանգելու հաջորդ օրը նրա ամուսնու հետ կապ են հաստատել «Վոթսափ» և «Տելեգրամ» հավելվածների միջոցով և փրկագին պահանջել։ Քանի որ հեռախոսահամարները գրանցված են եղել օտարերկրյա օպերատորների կողմից, ոստիկանությունը նաև գործի է դրել միջազգային համագործակցության հնարավորությունները։
Ու քանի որ հանցագործության ընթացքում օգտագործվել են հեռահաղորդակցության համակարգեր և փրկագին ստանալու համար տրամադրել են կրիպտոդրամապանակներ, բացահայտմանը միացել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը:
Արդյունքում հնարավոր է եղել պարզել հանցագործություն կազմակերպած անձի ինքնությունը․ նա Երևանի 37-ամյա բնակիչ է, որն առևանգմանը նախորդող օրերին մի քանի անգամ այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, իսկ առևանգումից հետո` սեպտեմբերի 5-ին, կարճ ժամանակով լքել է հանրապետության տարածքը, իսկ 7-ին կրկին հայտնվել է Ոսկեպարում:
Պարզվել է նաև, որ կազմակերպիչը օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 7-ին Ոսկեպար է մեկնել հանցավոր խմբի մեկ այլ անդամի` Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 42-ամյա բնակչի հետ: Պարզվել է հանցագործության կազմակերպմանն ու իրականացմանը մասնակցած ևս մեկ անձի ինքնություն՝ Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդ։ Վերջինս սեպտեմբերի 5-ի գիշերը Բագրատաշենով մտել է Վրաստան, այնտեղ ձեռք բերել վրացական հեռախոսահամարներ, «Վոթսափ» և «Տելեգրամ» համակարգերում գրանցել անհատական հաշիվներ, որոնց միջոցով էլ նամակագրություն է վարել առևանգված կնոջ ամուսնու հետ:
Կարճ ժամանակ անց ոստիկանները պարզել են նաև կնոջը պահելու վայրը։ Առևանգելուց հետո կնոջը տեղափոխել են Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող մի շինություն:
Սեպտեմբերի 8-ին ոստիկանները հանցավոր խմբի երեք անդամներին հայտնաբերել են մայրաքաղաքի Իսակովի պողոտայում և տեղափոխել ոստիկանություն: Նույն օրը՝ ժամը 19.30-ին, Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող շինությունում ձերբակալվել է կնոջը ազատազրկած պահող 41-ամյա մեկ այլ երևանցի:
Ոսկեպարում ձերբակալվել է նաև շինությունը փաստացի տնօրինող «Կադո» մականունով 49-ամյա տղամարդը: Նույն շինության մեջ էր նաև պատանդառված կինը:
Միջոցներ են ձեռնարկվում առևանգմանը մասնակցած ևս մեկ անձի` Երևանի Նորաշեն թաղամասի 38-ամյա բնակչին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` կինը ԱՄՆ քաղաքացի է։